Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով
Ըստ hetq.am-ի՝ Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին.
- «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,
- «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
- «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը: Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի «A.B.S. GLOBAL LIMITED»-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով՝ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են:
Դրանք են՝
- «A.K. HOLDINGS LIMITED» – 1000 բաժնետոմս
- «BCB HOLDINGS LIMITED» – 1000 բաժնետոմս
- «STR EMERALD LIMITED» – 1400 բաժնետոմս
- «WLISPERA HOLDINGS LIMITED» – 6600 բաժնետոմս
A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունները
Այստեղից երևում է, որ «A.B.S. GLOBAL LIMITED»-ի 66 տոկոս բաժնետերը «WLISPERA HOLDINGS LIMITED»-ն է: Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը:
A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունների բաժնետերերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ եւ դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ով եւ ինչպես է գրանցել ընկերությունը: Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ: Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Դրանից հետո Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել գլխավոր դատախազին, պատճենը ուղարկել «Հետքին»` նշելով, որ ընկերությունը գրանցել է ինքը:
«Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»,- գրել է Աշոտ Սուքիասյանը:
Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին: Ստորեւ՝ մի հատված Ռուբեն Մկրտչյանի հետ մեր հարցազրույցից:
Ե՞րբ եք եղել Հայաստանում, և ինչպե՞ս է կայացել Ձեր հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ովքե՞ր են եղել այդ հանդիպմանը, խնդրում ենք նշել անունները: Ո՞վ էր կազմակերպել հանդիպումը, ե՞րբ է այն տեղի ունեցել:
Հայաստանում եղել եմ երկու անգամ: Չեմ կարող հստակ ամսաթիվ նշել: Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ: Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին: Առաջին հանդիպումը 2010-ի հուլիսի կեսերին էր: Իմ տպավորությամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը: Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը` մի կողմից, ես և իմ գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ մյուս կողմից:
Զրուցել ենք Սիերա Լեոնեի և նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին: Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն և ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն: Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս: Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո: Բայց նա որևէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց:
Կարդացեք այստեղ.
Էդիկ Բաղդասարյան
Քրիստինե Աղալարյան
Արարատ Դավթյան