«Այդ ապրանքը պաղպաղակ չէ»
Ինչպես հայտնի է, փորձաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ պաղպաղակ արտադրող մի քանի ընկերությունների արտադրանքները չէին համապատասխանում մակնշման պահանջներին: «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերությունների՝ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» պաղպաղակներում (բացառությամբ «Բիոկաթ» ընկերության արտադրած պաղպաղակների) օգտագործվել է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ):
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նախկինում զբաղեցնում էր Սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի խոսնակի պաշտոնը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերոնշյալ պաղպաղակները ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շուկայից դուրս չեն բերվել՝ չնայած, ըստ նրա, միայն մակնշման խնդիրները բավարար էին՝ նշված խմբաքանակները արտադրանքից հանելու համար:
«Այդ ապրանքն ուղղակի պաղպաղակ կոչվել չի կարող: Դա պաղպաղակ չէ: Մենք ունենք կառավարության 1925-Ն տեխնիկական կանոնակարգի մասին որոշում, որտեղ հստակ նշված է՝ ինչն է կոչվում պաղպաղակ: Բուսայուղ իրավունքի չունի լինել պաղպաղակում: Եթե մի բանի մեջ օգտագործված է բուսայուղ, դա պաղպաղակ չէ»,- ասաց նա:
Բաբկեն Պիպոյանն ասաց, թե ինքը տեղեկություն չունի՝ նշված արտադրանքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Ըստ նրա՝ արտադրողները կարող էին հանրությունից ներողություն խնդրել կատարվածի համար, այն մթերքը, որում բուսայուղ է օգտագործվել, վերանվանեին զովացնող մթերք և վաճռեին:
«Արտադրողը կգնա այդ քայլին, երբ հասկանա, որ իրեն ստուգող կա, երբ ստուգող մարմնի պատժամիջոցից մտավախություն կունենա, երբ բրենդին խփելու, շուկայից հետ կանչելու գործընթաց կլինի, անվտանգություն ստուգելու, պոտենցիալ վտանգները հայտնաբերելու, ոչնչացնելու գործառույթ կլինի: Եթե ոչ մեկ տնտեսական վնաս չի կրում, ինչո՞ւ պիտի անի»,- նշեց Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ ընկերությունները բուսայուղ օգտագործել են նաև այն պատճառով, որ այն ավելի էժան է:
168.am-ի հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ ՍԱՊԾ-ն այդ պաղպաղակների խմբաքանակը դուրս չի բերվել շուկայից, արդյոք շահերի բախում կա՞, թե՞ ծառայությունը չի ուզում աշխատել, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված պարզաբանումներ պետք է ներկայացնի հենց ծառայությունը:
Բաբկեն Պիպոյանի փոխանցմամբ՝ իրենք նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով, որ ծառայությանը հանձնարարի նշված խմբաքնակները դուրս բերել շուկայից, նմուշառում կատարել այլ ապրանքատեսակներից. «Խնդրել ենք ընդամենը ծառայությանը հանձնարարել գործ անել, ուրիշ ոչինչ»: