Բաժիններ՝

Երբ «գնաճի հրեշն» արջի կերպարանք է ընդունում

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2013 թվականի հունիսի 25-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%: Ընթերցողներին հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսպես ասած, փողի գինն է և այն հիմնական գործիքը, որով Կենտրոնական բանկը կարողանում է ազդել գնաճի վրա։ Այսինքն՝ գնաճի պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրանում է, փողը թանկանում է, ինչը նվազեցնում է համախառն պահանջարկն ու զսպում գնաճը։

Բնականաբար, վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշելիս՝ ԿԲ-ն մանրամասն վերլուծել է արտաքին և ներքին գործոնները, անցած ժամանակահատվածի զարգացումները, և այլն։ Այդ ամենը համառոտ ներկայացված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է առաջիկա կանխատեսումներին, մասնավորապես՝ գազի գնի և էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությանը գնաճի վրա, ապա Կենտրոնական բանկն այդ մասին, իհարկե, խոսել է։ Սակայն՝ բավականին անորոշ ձևակերպումներով։
«Միաժամանակ, ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների և դրա երկրորդային ազդեցությունների դրսևորումներին: Այս պարագայում գնահատվում է, որ մինչև հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում, իսկ տնտեսական աճը կձևավորվի իր հավասարակշիռ մակարդակում»,- նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Զգո՞ւմ եք, որ ինչ-որ բան բաց է թողնված։ ԿԲ հաղորդագրության մեջ չի նշվում, թե այս տարվա վերջին 12-ամսյա գնաճը որքան է կազմելու՝ ըստ երևույթին, մարդկանց տրամադրությունը չփչացնելու համար։ Փոխարենը՝ միանգամից անցում է կատարվում 2014 թվականի առաջին կիսամյակի վերջին և լավատեսական նոտայով ամփոփվում՝ 12-ամսյա գնաճը կլինի 4%-ի սահմաններում։
Սա հիշեցնում է հայտնի անեկդոտներից մեկը, երբ ամուսինը զենքը պահում է անհավատարիմ կնոջ վրա և ստիպում մանրամասն պատմել, թե հարևանն ինչեր է արել նրա հետ։ Կինը սկսում է՝ դե, նախ՝ աչքերս համբուրեց, հետո՝ շուրթերս, հետո՝ կրծքերս, հետո՝ փորս, հետո… ոտքերս։ Ամուսինն այդ պահին իրեն կորցնում է ու գոռում. «Արա, ես քեզ ասում եմ՝ մանրամասն պատմի…»:
Մոտավորապես նույն բանն է։ Որքան  էլ իրականությունը դառը լինի, այն պետք է ներկայացնել։ Որովհետև, ինչպես անեկդոտի խաբված ամուսինը գիտի, որ  հարևանն ինչ-որ «միջանկյալ»  գործողություն էլ արած կլինի, այնպես էլ ՀՀ բնակչությունը գիտի, որ հուլիսի 1-ից հետո, երբ թանկանան գազն ու էլեկտրաէներգիան, շատ տխուր պատկեր է ստացվելու բոլոր ոլորտներում։ Իհարկե, ԿԲ-ում հաշվարկներ արել են, գնահատել են, թե տարվա վերջին գնաճի ցուցանիշը որքան է կազմելու։ Արել են, պարզապես այն չեն ներառել վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին պատմող հաղորդագրության մեջ՝ փորձելով ավելորդ անգամ բացասական սպասումներ չձևավորել հասարակության շրջանում։
Սակայն նույն Կենտրոնական բանկը երկու շաբաթ առաջ որոշակիորեն բացել էր փակագծերը։ Հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը հայտարարել էր, որ առաջիկա 1 տարում գնաճը կտատանվի 8%-ի սահմաններում: «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը գնաճը միանգամից ավտոմատ կերպով բարձրացնելու է»,- ասել էր նա՝ նշելով, որ էներգակիրները կազմում են սպառողական զամբյուղի 10.5%-ը: Ավելին, ըստ Ա. Ստեփանյանի՝ գնաճը կրկին կհայտնվի նպատակային՝ 4±1.5%, միջակայքում 2014թ. երկրորդ կեսից: Իսկ ԿԲ նշված հաղորդագրության մեջ, ինչպես հիշում եք, ասվում էր, որ գնաճը նպատակային ցուցանիշին կմոտենա մինչև հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ։ Այսինքն՝ Կենտրոնական բանկի ներսում կամ հակասություն կա, կամ էլ Արթուր Ստեփանյանի խոսքերը ճիշտ չեն հասկացվել։
Իրականում, Կենտրոնական բանկին գնաճը չզսպելու համար մեղադրելն այնքան էլ ճիշտ չի լինի։ Նախ՝ նրա հիմնական գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Հայաստանի գնաճային միջավայրի վրա այնքան էլ մեծ ազդեցություն չունի։ Եվ երկրորդ՝ սպասվող գնաճի հիմնական պատճառը գտնվում է երկրի սահմաններից դուրս, և ԿԲ-ն այստեղ որևէ անելիք չունի։ Ի դեպ, ժամանակին Կենտրոնական բանկն անիմացիոն ֆիլմ էր պատրաստել՝ «Գնաճի հրեշը» անունով։ Այն մի հուզիչ պատմություն էր, թե ինչպես է ԿԲ-ն հրեշի կերպարանք առած՝ գնաճի հախից գալիս։ Դատելով զարգացումներից՝ հրեշի հախից գալ հայրենի ԿԲ-ն կարող է, իսկ, ասենք, արջի դեպքում՝ դժվար թե։ Մանավանդ, եթե արջը Հայաստանի սահմաններից դուրս է գտնվում:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս