Դատարանը մեղմ գտնվեց սիրիահայ ամբաստանյալի նկատմամբ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռուբեն Մանուկյանին դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատավճռով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց չհեռանալու ստորագրության, և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Ընտրված նոր խափանման միջոցը կպահպանվի մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանն այսպիսով ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նրան առաջադրված մեղադրանքում:
Ըստ մեղադրանքի` սիրիահայ Ռուբեն Մանուկյանը Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող 4 կանանց հետ ծանոթանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, 2012թ. մարտից մինչև 2013թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն արտերկրից Հայաստան ժամանած իր սիրիահայ հայրենակիցների հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար ստացել է 10.000-15.000-ական ՀՀ դրամ:
Մեղադրող Մանուչար Մարտիրոսյանը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Ամբաստանյալի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հիշեցրել էր, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղադրանքը, զղջացել կատարածի համար:
Ըստ Վ.Էլբակյանի` իր պաշտպանյալի կինը լիովին հատուցել է հիշյալ գործունեությամբ իր ամուսնու կողմից «վաստակած» 130 հազար դրամը՝ դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցելով 200 հազար դրամ: Պաշտպանը խնդրել էր նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել՝ հաշվի առնելով, որ իր պաշտպանյալը դրականորեն է բնութագրվում, ունի մեկ մանկահասակ երեխա, երկրորդն էլ շուտով կծնվի:
Բացի այդ, ամբաստանյալի ընտանիքը Սիրիայում մեծապես տուժել է պատերազմական գործողություններից, տունը, որտեղ բնակվում են ամբաստանյալի եղբայրը, քույրն ու մայրը, փլուզվել է: Իսկ ամբաստանյալը նորից հայտնել էր, որ խորապես զղջում է և խնդրել էր դատարանին իր հետ մեղմ վարվել: