
Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:
Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը:
Հայաստանի և Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: