Բաժիններ՝

Էմմա Ասատրյան. «Կարիերա՞… այդ բառը, երևի, ինձ համար չէ»

168.am-ի զրուցակիցը երգչուհի Էմմա Ասատրյանն է

– Որքան հետևում եմ Ձեր գործունեությանը, նկատում եմ, որ խուսափում եք շատ երևալուց: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ինձ միշտ ասում են դա… չգիտեմ, երևի կապված է կյանքի ռեժիմի հետ: Եվ քանի որ ես դասավանդում եմ Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում, պետք է շուտ արթնանամ, հետևաբար՝ ի վիճակի չեմ լինում շատ ուշ քնել: Բացի այդ, ես իմ բնավորությամբ այնպիսին եմ, որ հոգնում եմ աղմուկից: Հիմա շատ նորաձև է դարձել party-ների մասնակցելը, բայց ինձ թվում է, որ եթե ես մի րոպեով էլ մասնակցեմ նմանատիպ միջոցառումների՝ կգժվեմ (ժպտում է.- Գ.Ա.): Ես երգում եմ Հայաստանի պետական ջազ նվագախմբում, հետևաբար՝ ամեն ամիս համերգների եմ մասնակցում: Մարդիկ անընդհատ վիճում են` արդյոք կա՞ շոու-բիզնես, թե՞ ոչ, և ես միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ կա, ապա ես դրա կողքով եմ քայլում, որովհետև զբաղվում եմ նաև այլ գործով` դասավանդում եմ:

– Միայն, ինչպես նշեցիք՝  այլ գո՞րծն է պատճառը, որ շոու-բիզնեսի կողքով եք քայլում:

Կարդացեք նաև

– Այո՛: Այսօր նկատում եմ, որ զանգվածային բոլոր լրատվամիջոցները քննադատում են երգիչ-երգչուհիներին, բայց միևնույն ժամանակ՝ այդ նույն մարդիկ գտնվում են ամսագրերի առաջին էջերին, ամսագրերի շապիկներին, ողջ օրը ցուցադրվում են հեռուստաալիքներով: Այդ դեպքում թող նրանց ցույց չտան, թող ոչ մի լրագրող նրանց մասին չխոսի… Այնինչ այսօր իրոք կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում տեսահոլովակ նկարահանել:

– Ձեզ համար տեսահոլովակ նկարահանելը, CD թողարկելն ի՞նչ նշանակություն ունի:

– Չեմ կարող ասել, թե դա ինձ համար միևնույն է: Տեսահոլովակը կարծես երգին կյանք տա, բացի այդ, այն մի առիթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի շատ մարդիկ երգդ լսեն: Տեսեք` «Շիկահեր և կարճատես» երգս մոտ մեկ տարի է, ինչ կա: Այն շատ քչերն են լսել, միգուցե պատճառներից մեկն այն է, որ ես դրա տարածմամբ չեմ զբաղվել: Բայց տեսահոլովակն առիթ է հանդիսանում, որ մարդիկ սիրեն այն: Հուսով եմ` մարդիկ կսիրեն իմ երգերը, որովհետև, կարծում եմ, դրանք տարբերվում են: Լա՞վ են, թե՞ վատ, բայց տարբերվում են մյուս երգերից:

emma

– Ձեր հայրը` Արթուր Ասատրյանը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսերն է: Հետաքրքիր է` որքանո՞վ է նա Ձեզ իր խորհուրդներով օգնում:

– Նրա շնորհիվ է, որ ես մանուկ հասակից լսել եմ շատ լավ երաժշտություն: 15-16 տարեկան հասակում, երբ շատ էի ցանկանում տեսահոլովակ ունենալ, հայրս ինձ ասաց, որ դրա փոխարեն նախ՝ պետք է պրոֆեսիոնալ ուսում ստանալ: Նա ինձ դրեց ճիշտ ուղու վրա, և ես գնացի Ավստրիա, սովորեցի կոնսերվատորիայում: Այնտեղ իսկապես ջազ երաժշտությանն ավելի մանրամասն ծանոթացա, այն բոլորովին այլ աշխարհ է: Ջազ երգելը, սիրելն ուրիշ բան է, բայց երբ սկսում ես սովորել՝ շատ բարդ է իսկապես: Իմ երգերն առաջինը հայրս է լսում, խորհուրդներ տալիս…

– Անդրադառնանք ջազին… ի՞նչ է այն Ձեզ համար:

– Միշտ ասում եմ, որ ջազը մերկ, ազատ հոգի է: Ընդհանրապես երաժշտությունն օգնում է, որ ապրումներդ, այն ամենն, ինչի մասին չես կարող խոսել, ամեն ցավ, արցունք, ուրախություն, ջղայնություն, արտահայտես երաժշտության միջոցով:

– Իսկ եթե ջազը նմանեցնենք գույներին, ապա ի՞նչ գույնի հետ կարող ենք համեմատել:

– Երևի այնպիսի գույն չկա, որ ջազի մեջ չլինի: Ջազն էլ ունի ճյուղեր, ամեն ճյուղ իր գույնն ունի: Երաժշտության մեջ գույներ չեմ կարող առանձնացնել, ամեն գույն, ամեն տրամադրություն կա՝ և՛ անձրև, և՛ արև, և՛ գարուն, և՛ ամառ, և՛ աշուն, և՛ ձմեռ… բոլոր այս երևույթները երաժշտության և ջազի մեջ կան:

– Որպես երգչուհի` Ձեր կարիերայի ընթացքում ինչի՞ եք ձգտում հասնել:

– Կարիերա՞… այդ բառը երևի ինձ համար չէ: Այդ ամենը ժամանակավոր է: Ուրախ եմ, որ սովորել եմ, լավ կրթություն եմ ստացել, ավարտել եմ և այսօր արդեն դասավանդում եմ: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, սիրում եմ երեխաների հետ աշխատել: Հաճախ ես իմ փորձը թողնում եմ և գալիս նրանց հետ աշխատում: Ցանկացած մարդու համար, կարծում եմ, ընտանիքն առավել կարևոր է, քան կարիերան: Երբ մենակ ես՝ ցանկացած դիպլոմ, մրցանակ, տեսահոլովակ, առհասարակ յուրաքանչյուր իր ո՛չ համեղ է, ո՛չ էլ գեղեցիկ: Ամենակարևորն այն է, որ դու շրջապատված ես այնպիսի մարդկանցով, ովքեր իսկապես քեզ սիրում են: Երջանիկ եմ, որ իմ կողքին կա իմ ընտանիքը, կան ընկերներ, մարդիկ, ովքեր իսկապես ինձ սիրում են, և ես էլ նրանց եմ սիրում:

– Երաժշտությունից բացի՝ էլ ի՞նչն է Ձեզ հոգեհարազատ:

– Մանկուց նկարել եմ, շատ եմ սիրել նկարչություն: Միշտ երազել եմ ներկայացման մեջ խաղալու մասին: Հուսամ` այդ օրն էլ կգա, թատրոնի աշխարհը շատ եմ սիրում: Շատ եմ ցանկացել նաև բժշկուհի դառնալ, հիմա էլ եմ ցանկանում: Մտածում եմ սովորելու մասին, բայց հետո հասկանում եմ, որ պետք է ավելի քան տասը տարի սովորեմ, իսկ ես ծույլիկ եմ (ժպտում է.- Գ.Ա.):

– Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համերգներ տալուց բացի, չե՞ք մտածել ակումբներում որպես ջազ երգչուհի հանդես գալու մասին:

– Կարծում եմ` ամեն ինչի ժամանակը պետք է հասունանա: Երբ ինչ-որ բան ես անում, պետք է այն շատ սպասված լինի: Ինչ վերաբերում է ակումբային միջավայրում աշխատելուն, ապա այն ինձ համար չէ, ֆիզիկապես չեմ կարող աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ շատ են ծխում:

– Այսօր շատ երգիչ-երգչուհիներ մեծ ուշադրություն են դարձնում իրենց PR-ին…

– Հագուստի՞ մասին է խոսքը: Այսօր շատ նորաձև է դարձել, և բոլոր երգիչ-երգչուհիները կարծես մոդելներ են դարձել: Հագուստով ոչ մի արժեք չի կարող փոխվել, ինձ շատ է բարկացնում, որ մարդուն հագուստով են դատում և այդպես փոքրերին են թելադրում:

– Հարցս վերաբերում էր նրան, որ շատերը լուրջ միջոցներ են ծախսում, որպեսզի իրենց անունն անընդհատ շրջանառվի: Դուք պրոդյուսեր ունենալու ցանկություն չունե՞ք:

– Իմ պրոդյուսերը հայրս է, ավելի ճիշտ՝ նա օգնում է ինձ: Բայց, ինչպես ասացի, քանի որ ես շոու-բիզնեսի կողքով եմ քայլում, կարծում եմ՝ դրա կարիքը չունեմ: Շատերի համար հայտնի լինելը գերնպատակ է, ինձ համար՝ ոչ այնքան:

– Իսկ ի՞նչ կցանկանաք ավելացնել:

– Շատ կուզենամ, որ լավ երաժշտությունն այսօր շատ հնչի: Այն բալիկները, որոնք այսօր մեծանում են, պետք է լավ երաժշտություն լսեն: Մեր ազգն իսկապես շատ շնորհքով է, եթե ավելի միասնական լինենք, այդ փոքրիկները կփրկվեն, և նրանց արժեքները չեն փոխվի:

emma4

emma2

emma1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս