Հայաստանը որևէ տարբերակ չունի Լեռնային Ղարաբաղը կորցնելու, բացի մի տարբերակից

Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ

– Պարոն Մանուչարյան, ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների վերջին հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

– Երևի թե իմաստ էլ չունի անդրադառնալ նման հայտարարություններին, որովհետև Մինսկի խմբի ձևաչափը որևէ կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ: Դա տարածաշրջանում գործող հիմնական խաղացողների շահերի համադրման մի գործառույթ է: Իհարկե, կարող է` հանկարծ այդ շահերն այնպիսին լինեն, որ մեկ էլ պետք լինի լուծել ղարաբաղյան հիմնահարցը: Բա դա շատ քիչ հավանական է: Համենայն դեպս, իրավիճակն այսօր հետևյալն է. Ռուսաստանն այս տարածաշրջանը համարում է իր տարածքը և նաև կարծում է, որ իրեն ուզում են այնտեղից` «իր օրինական ազդեցության տարածքից», հեռացնել, և նա ոչ մի կերպ դա թույլ չի տա: Դրանից ելնելով` Ռուսաստանը երկու հնարավոր քայլի կարող է գնալ Ղարաբաղում. 1-ինը` եթե ԼՂ-ում գնա Մինսկի խմբի ձևաչափով առաջարկված գործընթաց` խաղաղարար ուժերի մուտք և այլն, և այդ խաղաղարար ուժերը լինեն ռուսական, բայց Արևմուտքը երբեք չի համաձայնի, որ ռուսական ուժն այնտեղ մտնի, որովհետև դա իր, ինչպես նաև Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող միջանցք է:

Բայց Ռուսաստանի համար սա լինել-չլինելու հարց է, իսկ նրանց դեպքում` ինչ-որ առավելություններ տվող հարց: Հետևաբար, Ռուսաստանը չի կարող թույլ տալ որևէ լուծում` բացի իր զորքերի մուտքից, բայց Արևմուտքն էլ դրան է դեմ: Իսկ 2-րդ տարբերակը` եթե ոչ, ապա Ռուսաստանն ատամներով պահելու է ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում:

– Իսկ ո՞ր դեպքում Ռուսաստանը կօգտագործի առիթը` ինչպես Դուք ասացիք, ռուսական ուժերը Լեռնային Ղարաբաղ մտցնելու համար:

– Առիթ կարող է լինել, եթե հանկարծ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն իրականացնել Մադրիդյան սկզբունքները, այսինքն` մեկը դուրս է գալիս տարածքներից, հանձնում է մյուսին, մյուսն իրականացնում է հանրաքվե, և այլն: Այդ դեպքում նրանք կարող են հրավիրել ռուսական զորք: Բայց սա անհավանական տարբերակ է, որովհետև դրան կտրականապես դեմ է Արևմուտքը, իսկ Ադրբեջանը և Հայաստանն այս իմաստով ենթարկվում են Արևմուտքի թելադրանքներին:

Ռուսաստանի կողմից զորք մտցնելու երկրորդ տարբերակը կարող է լինել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը, ինչը նույնպես անհնարին է, քանի որ կրկին անընդունելի է Արևմուտքի համար:

Իսկ պայմանավորվածությունը, որի մասին նշեցի, կապված է մի խնդրի հետ. Հայաստանի ղեկավարները մտածում են, որ ազատագրված տարածքներն իրենց հոր կալվածքներն են, որ ինչ հայտարարություն ասես` կարող են անել: Մինչդեռ այդ տարածքները հստակ պատկանում են Ադրբեջանի հայությանը: Ուրիշ հարց է, որ ԼՂՀ-ն այդ տարածքը հայտարարում է ազատագրված, դա հայկական Ղարաբաղն է, որի մի հատվածը պատմական վայրիվերումների պատճառով հայտնվել էր օտարի ձեռքում:

Բայց Արևմուտքը դա համարում է «օկուպացված տարածք», և մեր ղեկավարներն էլ, որպես բանակցությունների հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները, համաձայնել են այդ բանաձևին: Այսինքն` եթե նրանք ընդունել են Մադրիդյան սկզբունքները` որպես քննարկման պլատֆորմ, դա նշանակում է, որ նրանք համաձայնել են, որ այդ տարածքներն իրենցը չի, իրենց հայրենիքը չի, օկուպացված է: Իրականությունը հետևյալն է, որ նույնիսկ ամերիկացիների, անգլիացիների և ֆրանսիացիների համար այդ տարածքում կա մի օրինական տեր, դրանք այն մարդիկ են, ովքեր ապրում էին Բաքվում, Նախիջևանում, Կիրովաբադում և Ադրբեջանի հարձակման պատճառով հայտնվել են փախստականի կարգավիճակում։

Քանի որ նրանց ոչնչացնում էին, ապա նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքում կա միայն մի վայր, որը նրանց համար ընդունելի է` որպես ապրելու վայր, դա ազատագրված տարածքներն են, որովհետև նրանք չեն կարող, օրինակ, նորից գնալ Բաքու:

Եվ այսպես, ո՞րն է իրական տրամաբանությունը, այո՛, եղել է հարձակում հայերի վրա` ոչնչացման նպատակով: Մինչև ԽՍՀՄ փլուզումը հարձակումը կազմակերպողների վերաբերյալ կային այսպիսի ձևակերպումներ` միգուցե դրանք ինչ-որ ոչ խորհրդային տարրեր են կամ բացթողումներ, բայց 92 թվականից Խորհրդային Միություն չի եղել, և ոչնչացման քաղաքականությունը շարունակվել է: Հետևաբար, ձևավորված է մի կառույց, որը մենք անվանում ենք Բաքվի ռեժիմ, որը նպատակ ունի հայությանը ոչնչացնել: Այդ ոչնչացման պատճառով հրահրվել է պատերազմ, և հայությունը պաշտպանվել է: Ադրբեջանի տարածքում` Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում, հայությունը չի պաշտպանվել` կամ սպանվել են, ով էլ հասցրել է, փախել է:

Իսկ Ղարաբաղը սկսեց պաշտպանվել, այնքան «հիմար» էին` փոխանակ թողնեին, որ իրենց ոչնչացնեին, զենքը վերցրեցին, սկսեցին պաշտպանվել: Պաշտպանությունը հանգեցրեց նրան, որ Բաքվի ռեժիմը և նրա դաշնակիցները պարտություն կրեցին, արդյունքում` նախկին խորհրդային Ադրբեջանի մի հատվածը մնաց հայերի վերահսկողության տակ, մյուս մասը` ադրբեջանցիների: Ուրեմն, երբ ասում են` իսկ որտե՞ղ լինի Քելբաջարի, Լաչինի, Ջաբրայիլի շրջաններում ապրող կովկասյան թաթարը կամ մերձկասպյան թուրքը, հստակ պատասխան կա. նրանք բոլորը հիմա ապրում են Բաքվում` այնտեղից դուրս եկած այն 300 000 հայերի տներում: Եվ այսօր այդպիսի հարց գոյություն չունի:

– Ի դեպ, ազատագրված տարածքներին վերջերս անդրադարձել է նաև ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը` քննարկման առարկա դարձած իր հարցազրույցում օգտագործելով «անվտանգության ապահովման բուֆերային գոտի» տերմինը:

– Ցավում եմ, որ Կարեն Միրզոյանը նույնպես օգտագործել է այդ «բուֆերային գոտի» տերմինը, որովհետև արդեն ժամանակն էր` այդ տերմինից հրաժարվելու: Դա հորինել է 2004թ. Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը և արտասանել Ստրասբուրգում` Եվրոխորհրդարանի առաջ: Ես նորից եմ կրկնում` այդ 7 տարածքները բուֆերային գոտի չէ: Եթե դա նրա համար բուֆերային գոտի էր, ապա մի ստվար բազմության` հայության համար իրենց հայրենիքի այն հատվածն է, որն ազատագրված է Բաքվի ռեժիմից:

– Ամեն դեպքում համաձայնեք, որ այդ տարածքները հանդիսանում են ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքը, այդպես չէ՞:

– Դուք կարող եք ինձ հարցնել` արդյոք Արմավիրի շրջանն այն տարածքը չէ՞, որն ապահովում է Երևանի բնակչության անվտանգությունը:

– Այդ դեպքում ինչո՞ւ չենք բնակեցնում այդ 7 շրջանները:

– Որովհետև այդ ժամանակվա` 2001-02 թթ. ղեկավարին բրիտանացիները, ամերիկացիները բացատրել են պարզագույն բան` եթե նա ուզում է մնալ իր պաշտոնում և պահպանել երկիրը թալանելու հնարավորությունները, ապա դրա դիմաց նա պետք է պարտավորություն վերցնի չբնակեցնել այդ տարածքը հայերով, չստեղծել այնտեղ ենթակառուցվածքներ: Կրկնում եմ` չբնակեցնել ոչ թե Հայաստանի քաղաքացիներով, այլ էթնիկ հայերո՛վ: Այսպիսի ռասիստական փաստաթուղթ հրապարակել է «Crisis group»-ը, և ամբողջ Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական դաշտում մինչ այսօր մեկը չկա, որ ասի` եկեք մի հատ քննենք` ինչ է հայտարարել էդ «Crisis group»-ը: Այսպիսով, այդ կառույցը հրապարակել է իր երաշխավորությունները, և եթե այդ երաշխավորությունները համեմատում ես Հայաստանի իշխանությունների այդ ժամանակվա տարած պրակտիկ քաղաքականության հետ, դրանք 100 տոկոսով համընկնում են:

Այսինքն`ստեղծվել են այնպիսի անհաղթահարելի դժվարություններ, որոնք թույլ չեն տալիս տվյալ տարածքների բնակեցումը, մինչդեռ այդ ժամանակ գնում էր համատարած բնակեցում: Արդյունքում` մարդկանց հոսքը կտրուկ նվազել է, փոխանակ աճեր:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք Կ. Միրզոյանի մյուս արտահայտության մասին (ի պատասխան հարցին, թե նա այլևս Լեռնային Ղարաբաղը վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի՞ տեսնում, Կ. Միրզոյանը պատասխանել էր. «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դ. Բաբայանը դա բացատրեց լարվածությամբ, անգլերենի իմացության հետ կապված խնդիրներով և այլ գործոններով): Արդյոք կարիք կա՞ սրան այդքան նշանակություն տալ:

– Կարծում եմ` այո՛, պետք է անդրադառնանք: Ամենայն հավանականությամբ, իրոք պատահական վրիպում է այդ բառակապակցության համատեքստում: Բայց այստեղ մի ուրիշ պահ կա, շատ ավելի խորը և սկզբունքային: Մեզ թվում է, թե մեր, այսպես կոչված, ղեկավարներն ինչ-որ դեր են խաղում այս ամենում: Ինչո՞ւ եմ ասում` «այսպես կոչված», որովհետև Հայաստանը չունի իր կառավարման շրջանակը, բազմիցս ասել եմ և նորից եմ կրկնում, որ այդ շրջանակը համաշխարհային կառավարման օղակի հայաստանյան ներկայացուցչությունն է, որն իրականացնում է նրանց ֆունկցիաներն այստեղ, ոչ թե հակառակը:

Մենք մեր քաղաքականությունը չունենք, մենք մի պահ ունեցել ենք, հետո հրաժարվել ենք, հիմա անդադար հետաքրքրվում ենք` ի՞նչ է անում մեր ղեկավարը: Նրան ասում են` պիտի անես էս, նա գնում սկսում է` իսկ կլինի՞ մի քիչ էսպես, մի քիչ էնպես… Սա չի կարող լինել մեր ղեկավարի քաղաքականությունը: Մեր ղեկավարը գիտի` ինչին է ձգտում: Ես շարադրեցի` ինչպիսին է մեր դիրքորոշումը, և նա պետք է տաներ այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականությունն այսօր ունի փայլուն հեռանկարներ` բացի մի բանից, նա չունի տերեր` ի դեմս մեծ հզորություն ունեցող անձանց, իսկ դրա տերերն ավելի շատ հասարակական կառույցներ են, առանձին խմբեր, և այլն:

Դրանք, ի վերջո, իրականացնելու են իրենց ասածը, բայց հիմա մեզ անդադար թվում է, որ այդ արտաքին դրածո անձինք ինչ-որ դեր են խաղում: Այդ դրածո անձինք, ում մենք տարբեր պաշտոնյաներ ենք անվանում, անընդհատ գալիս և ինչ-որ բաներ են ասում ղարաբաղյան հարցի վերաբերյալ, մենք էլ դա համարում ենք Հայաստանի դիրքորոշումը: Բայց Հայաստանի դիրքորոշման մեջ մի պրոբլեմ կա. վերջերս Երևանում մի քանի ռուսներ կրկնեցին նույն բանաձևը` «Հայաստանը որևէ տարբերակ չունի Ղարաբաղը և ազատագրված տարածքները կորցնելու, բացի մի տարբերակից, եթե դուք դրանք վաճառեք»: Սա բացարձակ ճշմարտություն է ստեղծված իրավիճակում, ոչ թե մեր սիրուն աչքերի համար, ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը մեր հավերժ եղբայրն էգ ուղղակի ասացի` Ռուսաստանի ստրատեգիական շահերն այնպիսին են, որ նա ատամներով այստեղ պահելու է ստատուս-քվոն:

Եթե հանկարծ Ադրբեջանը կամ որևէ մեկը նույնիսկ պատահականորեն փորձի դա խախտել, դա անմիջապես բերելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի օկուպացման: Եթե Ռուսաստանը կորցնի այդ տարածքները, այսինքն` Ադրբեջանն ամբողջությամբ անցնի Արևմուտքի ազդեցության տակ, Ռուսաստանը կազմաքանդվելու է, նա փրկում է ինքն իրեն: Եվ այս մասին մեզնից ավելի լավ գիտեն ռուսները: Սրա պատճառով միակ տարբերակը, որ այդ վիճակը փոխվի, այն է, որ մենք ինքներս գնանք ինչ-որ գաղտնի գործարքների, ասենք` չէ, ուզում ենք անպայման էդ տարածքները հանձնել: Իսկ ինչո՞ւ մենք պետք է անպայման ուզենանք:

Միակ պատճառն այն է, որ մեր իշխող անձինք ուզենան պահպանել իրենց իշխանությունը, իսկ այդ պահպանման մեջ մեծ ազդեցություն ունեն Լոնդոնը և Վաշինգտոնը, և նրանց սերը, հովանավորությունը վայելելու համար իշխող անձինք մեր ժողովրդի և նաև մեր ռազմավարական դաշնակցի թիկունքում գնան գաղտնի գործարքների:
Ես ասացի` այդ արտահայտությունը սկզբունքորեն կարող է պատահականություն լինել, բայց այս ամենի փիլիսոփայության մեջ այդ անդադար լոյալությունն է ինչ-ինչ գործընթացներին: Ինչո՞ւ է Ռուսաստանը վախեցած Եվրամիության հետ Հայաստանի ասոցիացման համաձայնագրով:

Հիմնական վախն այս ստրատեգիական վախն է: Վերջերս անդադար բերում եմ գորտի պատմությունը. եթե գորտին գցես եռման ջրի մեջ, նա դուրս կթռնի, բայց եթե նրան գցես սառը ջրի մեջ, և այդ սառը ջուրը կաթսայով դնես տաքանալու, նա կամաց-կամաց կսկսի եփվել և չի զգա, որ իրեն եփում են: Երբ Հայաստանը մտնի ԵՄ, կամաց-կամաց տեղի է ունենալու էրոզիա` ճշտի և սխալի մասին մեր պատկերացումների մեջ: Սերբիան հանձնեց Կոսովոն: Այն Սերբիան, որին մենք գիտեինք, նա Կոսովո հանձնող չէր, բայց Եվրամիության կաթսայի մեջ հանձնեց:

– Օրերս ռուսական լրատվամիջոցները տարածեցին տեղեկություն այն մասին, որ ՌԴ-ն մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք է վաճառել Ադրբեջանին: Ինչպե՞ս կգնահատեք այս երևույթը:

– Այսպիսի մի բան կա, Ռուսաստանը կայսրություն է, նա կառուցում է իր քաղաքականությունը բոլոր ուղղություններով, և բոլոր փոքր երկրներն իր համար իր ազդեցության ոլորտի շարունակությունն են: Եթե մենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից ենք, ուրեմն սա անընդունելի է ռազմավարական դաշնակցի համար: Բայց հիմա խնդիր է ծագում, մենք չունենք մեր քաղաքականությունը, մեր քաղաքական առաջարկը Ռուսաստանին:

Ինչպես նշեցի, Ռուսաստանի համար Ադրբեջանը կենսական տարածք է: Եթե մենք նրան ասում ենք` արի միասին նստենք, մտածենք` ի՞նչ անենք քո կենսական տարածքի հետ, ինչպես և նա կարող է մեզ հետ նստել և ասել` քո համար կենսական հարց է, օրինակ, գիտության զարգացումը կամ հայության ամբողջականությունը և հազար ու մի այդպիսի հարցեր, այդ դեպքում կարող է շատ առարկայական խոսակցություն կայանալ, և հենց դա է ռազմավարական համագործակցությունը:

Այսպիսի հարաբերությունը մեռավ 93 թվականին: Ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ հարաբերությունների շրջանակում ռուսական զորքը 93-ին մտել է Զանգեզուր, որպեսզի ճեղքում չլինի Թուրքիայի կողմից, Ռուսաստանը Թուրքիային զգուշացրել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմ կսկսի, եթե նա համարձակվի միջամտել Ղարաբաղյան պատերազմին, Ռուսաստանը մեզ տվել է անհրաժեշտ զենք-զինամթերք: Ես նկարագրում եմ մի վիճակ, որին մենք հասանք 93-ին, իսկ հետո հրաժարվեցինք: Ամենակարևորն այն է, որ այդ ժամանակ Ռուսաստանը մեզ հետ միասին ձևավորում էր տարածաշրջանը այնպես, ինչպես բխում էր Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերից: Հիմա ասում ենք` սենց բան արդեն չկա, մենք գնացել ենք, Ամերիկան բերել է մի բանաձև` Մինսկի խումբ, Մադրիդյան սկզբունքներ, դրանից առաջ` Մեղրիի տարբերակ…

Մենք դրա մեջ ենք և զուգահեռ` Ռուսաստանին ասում ենք` գիտե՞ս, դու ստրատեգիական դաշնակից ես և պետք է զենք չվաճառես Ադրբեջանին: Սա արդեն նոնսենս է, այսպիսի հարաբերություններ չեն լինում: Եվ ընդհանրապես, ի՞նչ ռազմավարական դաշնակցություն, եթե մեր երկրի կառավարող շրջանակները` քաղաքական դասը, համատարած փող է դիզում, փողը պահում է օֆշորներում, արտասահմանյան բանկերում` դրանով դառնալով գործակալ, որովհետև որի պոչն ուզեն տրորել, մեկ վայրկյանի գործ է: Եվ այս իրավիճակում` ինչ-որ ռազմավարական դաշնակցություն, սա հնարավոր չէ: Նման իրավիճակում Ռուսաստանը ստիպված է մանևրել, և այդ մանևրելու ընթացքում անում է նաև ապուշություններ:
«168 ԺԱՄ»

3

Տեսանյութեր

Լրահոս