Ընդդեմ «Արմավիա»-ի հայցերը դեռ վարույթ չեն ընդունվել
«Արմավիա»-ի աշխատակիցների հայցն ընդդեմ նախկին գործատուի դատարանը դեռ վարույթ չի ընդունել: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է դատարան դիմած օդաչուներից մեկը՝ Վարդան Սարգսյանը:
Նա նշել է, որ չվճարված աշխատավարձը նախկին գործատուից բռնագանձելու հայցով դիմել է Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան և առայժմ սպասում է հայցի քննության իր հերթին:
Նա նաև տեղեկացրել է, որ ինքն «Արմավիա»-ի աշխատակիցներից միակը չէ, որ փորձում է դատական կարգով ստանալ իր հասանելիք գումարը: Վարդան Սարգսյանը նշել է, որ ընկերությունն իրեն պարտք է դեռևս անցյալ տարվա նոյեմբեր ամսից: «Վերջին անգամ հոկտեմբերի աշխատավարձն եմ ստացել անցած տարվա դեկտեմբերի վերջին»,- ասել է Փաստինֆո-ի զրուցակիցը: