Կարմրուկի նոր դեպք Հայաստանում
Հայաստանում կարմրուկի նոր դեպք է արձանագրվել: Հիվանդը 49 տարեկան է, կարմրուկով վարակվել է հիվանդ անձի հետ շփման արդյունքում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Վերջինս նշեց, որ այս դեպքը ևս Հայաստան է եկել Վրաստանից:
Գայանե Սահակյանն ասաց, որ այս հիվանդը չի հոսպիտալացվել, քանի որ հիվանդությունը թեթև է ընթացել, բարդություններ չկան: Նշենք, որ մինչ այժմ խոսվում էր կարմրուկի 3 դեպքի մասին: Դրանից երկուսը 3 և 5 տարեկան երեխաներ էին, որոնք հոսպիտալացվել էին. ըստ Գայանե Սահակյանի՝ երեխաները խոցելի խմբում են և հոսպիտալացման նպատակը բարդություններից խուսափելն է եղել. «Հոսպիտալացրել էինք, որպեսզի բարդություններ՝ թոքաբորբ, մենինգիտ, չառաջանան»: