
ՄԱԿ ԳԱ-ն նոր բանաձև է ընդունել ՎՈՒԱՄ-ի ձգձգվող հակամարտությունների մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ն երեկ ընդունել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած հերթական բանաձևի նախագիծը՝ չնայած դրան չաջակցելու Ռուսաստանի կոչերին:
Ռուսական կողմի կարծիքով՝ այդ բանաձևը կարող է վնասել 2008 թվականի հոկտեմբերից տարվող Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների շուրջ Ժնևյան քննարկումներին: Բանաձևի օգտին քվեարկել է 62 պետություն, 16-ը դեմ է քվեարկել, իսկ 84-ը ձեռնպահ է մնացել:
Ընդունված բանաձևում մասնավորապես նշված է ՄԱԿ ԳԱ-ի հաջորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածաշրջանում առկա ձգձգվող հակամարտությունների, այդ թվում նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը:
Փաստաթղթում հիմնական շեշտը դրվել է փախստականների վերադարձման անհրաժեշտության և հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորության վրա: Նշվում է, որ ՄԱԿ ԳԱ-ի բանաձևն ունի խորհրդատվական բնույթ և չունի իրավական ուժ: