Իրանի նախագահի բոլոր թեկնածուներն արդեն քվեարկել են
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի բոլոր վեց թեկնածուներն արդեն իսկ քվեարկել են այսօր տեղի ունեցող նախագահական ընտրություններում:
Իրանի նախագահական աթոռի համար պայքարում են Սայիդ Ջալիլին, Մոհսեն Ռեզային, Հասան Ռոուհանին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Մոհամմադ Ղարազին և Ալի Աքբար Վելայաթին:
Իրանի 11-րդ նախագահական ընտրությունները մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 08.00-ին: Ընտրությունների ժամանակ արդեն իսկ գրանցվել են մանր խախտումներ, որոնց մասին իրազեկվել է Իրանի ՆԳՆ-ը:
Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը հայտարարել է, որ իրենք հետազոտում են այդ խախտումները: Նա ընդգծել է, որ լուրջ խախտումներ չեն գրանցվել, և քվեարկության գործընթացը շարունակվում է հաջողությամբ: Նաջարի խոսքերով՝ ընտրություններին մասնակցելու ցուցանիշը բարձր է, և քվեարկությունն ընթանում է ակտիվորեն.
«Ընտրությունների նախաշեմին շատ ակտիվ համագործակցել են բոլոր կազմակերպությունները, հիմնարկները թեկնածուները, ինչը նպաստում է ընտրական գործընթացի լավ կազմակերպելուն: Եվ այնուամենայնիվ, մեզ համար առաջնահերթը զգոնությունն ու թափանցիկություն են և ոչ թե քվեների արագ հաշվարկը»: