Ես վախենում եմ թե՛ ձերբակալվելուց, թե՛ սպանվելուց. Ռուստամ Իբրահիմբեկով
BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը, ով կարող է դառնալ առաջիկա նախագահական ընտրություններում ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու, հայտարարել է, որ վախենում է և՛ ձերբակալվելուց, և՛ սպանվելուց.
«Ես վախենում եմ թե՛ ձերբակալվելուց, թե՛ սպանվելուց: Դուք տեղյակ եք, որ այժմ ձերբակալված է Իլգար Մամեդովը՝ հրաշալի երիտասարդ, REAL երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը, ով առանց որևէ պատճառի է գտնվում բանտում:
Նա այնտեղ է հայտնվել միայն նրա համար, որ քննադատություններ է հնչեցրել և ընդհանրապես հայտարարել է, որ պատրաստվում է նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը:
Այսինքն, ալիևյան վարչակարգին պոտենցիալ վտանգ ներկայացնող յուրաքանչյուր մարդու փորձում են վնասազերծել: Այդ պատճառով էլ անկասկած է, որ գոյություն ունեն նման վտանգներ»: