
Ոչ մի երկիր իրավունք չունի ժողովրդավարություն սովորեցնել մեզ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ կապված երկրում ընթացող բողոքի ակցիաների հանդեպ ԵՄ-ի արձագանքի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է.
«Ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել Թուրքիայի գործերին: ԱԳՆ-ը չի ճանաչում Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի որոշումները: Իրականությանը չի համապատասխանում որոշումն այն մասին, որ Թուրքիան ոտնահարում է ցուցարարների իրավունքները: Ոչ մի երկիր իրավունք չունի ժողովրդավարություն սովորեցնել Թուրքիային»:
ԱԳՆ-ի այս հայտարարությունից առաջ էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, որ Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի ցանկացած որոշում «անհիմն» է, Թուրքիան ԵՄ-ի անդամ չէ և դրա հետ կապված՝ ԵՄ-ը «իրավունք չունի» միջամտել երկրի գործերին:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Էրդողանին կոչ են արել երկխոսել ընդդիմության հետ և ոչ թե հակամարտության մեջ մտնել նրա հետ: