Որքա՞ն է Ֆինանսների նախարարության «մեղքի բաժինը» հարկային խնդիրներում
Հարկային կամ մաքսային խնդիրների, օրենսդրական անհարթությունների առնչվելիս բողոքի ալիքը հիմնականում ուղղվում է դեպի Պետական եկամուտների կոմիտեն: Սակայն 168.am-ի հետ անձնական զրույցների ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչները կարծիքներ են հնչեցրել, որ իրենք միայն կատարողներ են, իսկ քաղաքականության համար պատասխանատու է ՀՀ ֆինանսների նախարարությունը, որին ոչ մեկը ոչ մի բանում չի մեղադրում: 168.am-ը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հտաքրքրվեց, թե իր ղեկավարած գերատեսչության «մեղքի բաժինն» այստեղ որքան է:
«Երբ կան խնդիրներ, դրանք պետք է լուծվեն: Այն մասերը, որոնք քաղաքականության շտկմանն են վերաբերում, Ֆինանսների նախարարությունն է քննարկում, լուծումներ առաջարկում, իսկ այն մասը, որ վերաբերում է վարչարարության կիրառմանը, ՊԵԿ-ն է քննարկում, առաջարկում լուծումներ»,- պատասխանեց Դ.Սարգսյանը:
Դիտարկմանը, որ բիզնեսը բողոքում է օրենսդրության հաճախակի փոփոխություններից, Դ.Սարգսյանը նշեց, որ կառավարության ծրագրով որպես ծրագրային դրույթ ֆիքսված է՝ ձգտելու են օրենսդրությունում հարկային փոփոխությունները հասցնել նվազագույնի:
Ներկայումս գործարարների դժգոհությունները հարուցած Այլընտրանքային հարկային օրինագծի մասին Դ.Սարգսյանը հայտնեց, որ նախարարության մասնագետներն այն ուսումնասիրում են, բայց դա շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ օրինագծերից մեկն է:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ այդ օրինագծով ՊԵԿ-ը «բիզնես է անելու»՝ վճարովի ծառայություններ է մատուցելու, և այդպիսով, հարված է հասցվելու նաև աուդիտորական կազմակերպություններին, Դ.Սարգսյանը պատասխանեց. «Բազմաթիվ պետական կառույցներ վճարովի ծառայություններ են մատուցում: Չեմ կարող համաձայնել, որ աուդիտորներին է հարվածում, տարբեր դաշտեր են: Աուդիտը մի քիչ սպեցիֆիկ դաշտ է, տարբեր երկրներում տարբեր կիրառումներ են տալիս նույն խնդիրների լուծմանը: Օրինակ՝ երկրներ կան, որ աուդիտային ստուգումները հարկային ստուգումների համար հիմք չեն ընդունում: Այնտեղ, որտեղ ընդունում են, պատասխանատվության չափ կա աուդիտների համար: Աուդիտորները պատրա՞ստ են լրացուցիչ պատասխանատվություն ստանձնել, թե՞ ոչ: Բավական բարդ և շատ են խնդիրները»: