Սյունիքի մարզպետի պաշտոնի համար պայքարը շարունակվում է

168.am-ի տեղեկություններով` Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները՝ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հարությունյանը, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երեկ հավաքվել են և քննարկել ապագա մարզպետի հարցը:

Նրանք որոշել են, որևէ կերպ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցնել այն մեսիջը, որ մարզպետ նշանակի համայնքի ղեկավարներից մեկին: Ըստ նրանց` իրենք փորձ ունեն և ի վիճակի են մարզպետ աշխատելու: Հավաքին չեն մասնակցել Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ու Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Վերջինս «յուրային » չի համարվում, քանի որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մտերիմն է:

Ի դեպ, մարզպետի հավակնություն ունի Վարդան Գևորգյանը, որին կաջակցի նաև Զանգեզուրի պղձնամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Վարդան Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաքսիմ Հակոբյանի հետ նման հարց չի քննարկվել, սակայն չհերքեց, որ գործընկերների հետ հանդիպում եղել է. «Մենք միշտ էլ քաղաքապետերով հավաքվում ենք, խոսում ենք, ինչու չէ` սուրճ ենք խմում»,- ասաց Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս