Մահացած Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայող. «Գիտեմ, թե ինչ է եղել, բայց չեմ հիշում» (տեսանյութ)

Գլխի շրջանում վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանն ապաքինվում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հրաչյա Սարգսյանը. նա այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, սակայն շուտով այնտեղից տեղափոխվելու է «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոն: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ինքնաձիգից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր վնասվածք ու տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, ապա՝ զինվորական հոսպիտալ:

«Արդեն լավ եմ: Ապաքինվում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Սարգսյանը:  Նրա հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, ևս նշեց, որ տղան ապաքինվում է. «Հրաչյան ներկա պահին ապաքինվում է: Կյանքին վտանգ չի սպառնում: Ձախ կողմի պարալիզացում ունի, որը խոստացել են, որ «Կարմիր խաչի» օգնությամբ անպայման կվերականգնեն»: Նրա խոսքով՝ տղայի վերքերը փակվելուց հետո նրան կտեղափոխեն «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոն:

Հրաչյան նաև ասաց, որ դեպքի հետ կապված ոչինչ չի հիշում: «Գիտեմ, թե ինչ է եղել, բայց չեմ հիշում»,- ասաց նա: Տղայի հայրը ևս ասաց, որ Հրաչյան դեպքի օրը կատարվածից ոչինչ չի հիշում. «Ինքը մայիսի 15-ի օրվա մասին հիշում է միայն, որ եղել է ծառայության, այսինքն՝ նարյադում է եղել: Ընդամենը դա է եղել: Իսկ թե ի՞նչ է կատարվել, ինչի՞ց, ի՞նչ կրակոց է եղել, ինքը բացարձակ ոչ մի բան չի հիշում»: Վաղինակ Սարգսյանն ասաց նաև, որ Հրաչյան դեռևս տեղյակ չէ, որ իր հետ ծառայող ընկերը՝ Լյուքս Ստեփանյանը, մահացել է:

Վաղինակ Սարգսյանն, անդրադառնալով զորամասում կատարվածին, ասաց, որ որքան ինքը հասկանում է՝ պատահական կրակոց է եղել. «Մի թեթև խոսակցություն է եղել Լյուքսի ու Դավիթի միջև: Ես այդպես գիտեմ: Ամեն դեպքում քննություն է գնում, քննությունը կպարզի՝ ավելի ճիշտ ինչպես է եղել: Նախնական ես այդպես գիտեմ: Եվ ասում են, թե պատահական, զենքն իջեցնելուց է կրակել»: Նշենք, որ Զինվորական դատախազության կողմից մեղադրանք առաջադրվել է Դավիթ Խաչատրյանին: Հրաչյա Սարգսյանի հայրը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տղան վերջինիս հետ մտերիմ է եղել. «Զենքն ում ձեռքին եղել է, Հրաչյայի հետ մտերիմ են եղել»:

Վաղինակ Սարգսյանը պատմեց, որ ինքը հանդիպել է մահացած Լյուքս Ստեփանյանի հորեղբոր հետ, ով պատմել է դեպքից, սակայն միևնույն ժամանակ՝ նշել, որ իրենք չեն հավատում վարկածին, թե պատահական կրակոց է եղել. «Մինչև անգամ չեն հավատում, որ խոսակցությունը եղել է Լյուքսի պատճառով: Ես խնդրեցի, որ ընդամենը սպասենք քննությանը: Հրաչյան կառողջանա: Եթե բոլորին կասկածում են, երևի թե Հրաչյային չկասկածեն: Երբ որ Հրաչյան կհիշի ամեն ինչ, կպատմի, ամեն ինչ պարզ կլինի»: Հրաչյա Սարգսյանի հայրն ասաց, որ բժիշկներն ասում են՝ իր որդու հիշողությունն ամբողջությամբ կվերականգնվի:

Ըստ Վաղինակ Սարգսյանի՝ Սեյրան Օհանյանը Հրաչյա Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ գումար է տրամադրել իրենց, որով ինքը համակարգիչ է գնել:

Տեսանյութեր

Լրահոս