Գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կհաստատի բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները:
«ՀայՌուսգազարդ»-ի կողմից ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը կլինի 156 հազար դրամ՝ նախկին 132 հազար դրամի փոխարեն (այսինքն, կթանկանա 18,18 տոկոսով): Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազը կվաճառվի 276,98 դոլարով՝ նախկին 243,13 դոլարի փոխարեն (թանկացումը կկազմի 13,92 տոկոս): Այս դեպքում ՀՀ դրամով հաշվարկի հիմքում ընկած է լինելու հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի փոխարժեքի մեծությունը։
Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիային, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանելու է հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ցերեկային սակագին` 29 դրամ/կՎտժ,
գիշերային սակագին` 25 դրամ/կՎտժ.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ցերեկային սակագին` 35 դրամ/կՎտժ,
գիշերային սակագին` 25 դրամ/կՎտժ.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ցերեկային սակագին` 38 դրամ/կՎտժ,
գիշերային սակագին` 28 դրամ/կՎտժ:
Վերոնշյալ բոլոր սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը և ուժի մեջ կմտնեն հուլիսից: