«Սուրեն Խաչատրյանի բոլոր բացասական կողմերը հովանավորվել են Ռոբերտ Քոչարյանի կողմից». մամուլ
««Ես մի բան կարող եմ ասել` պաշտպանության նախարարը այդպես երբեք չի առաջնորդվել խնդրանքներով: Ես չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանի կողմից ինչ-որ տևական խնդրանքների գործընթաց է գնացել: Ես այդպիսի բան չեմ հիշում այդ հարցում»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար (1991-1995 թթ.) Անդրանիկ Քոչարյանն այսպես հերքեց Վազգեն Մանուկյանի պնդումը, թե Վազգեն Սարգսյանն է իրեն 3 անգամ խնդրել, որ Սուրեն Խաչատրյանին չպատժի և որպես տույժ չուղարկի ռազամաճակատ»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և հիշեցնում.
«Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատմել էր, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով պայմանագրային գումարտակի հրամանատար, զինված հարձակում է գործել Գորիսի քաղաքապետարանի վրա և գրավել շենքը»:
«Առավոտի» հարցին, թե իր կարծիքով` Սուրեն Խաչատրյանին ո՞վ է հովանավորել` Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ Վազգեն Սարգսյանը, նա պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանին հովանավորելու խնդիր է եղել: Պարզապես իրավիճակն այնպես էր, որ ամեն մի մարդ շատ արժեքավոր էր սահմանային գծում, եթե լինում էր որևէ խնդիր լուծելու: Հովանավորության խնդիր ոչ ունեցել է Վազգեն Մանուկյանը, ոչ ունեցել է Վազգեն Սարգսյանը: Սուրեն Խաչատրյանի բոլոր բացասական կողմերը դրսևորվել են հետագայում` առավելապես հոկտեմբերի 27-ից հետո: Սուրեն Խաչատրյանի բոլոր բացասական կողմերը հովանավորվել են Ռոբերտ Քոչարյանի կողմից, երբ որ նրան նշանակեց մարզպետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:



