Աշտարակի ոստիկանները ձերբակալել են հանցագործ աշխարհում հայտնի աշտարակցի Գարսոյի տղային
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 316 հոդվածի և 235 հոդվածի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հունիսի 2-ին, Աշտարակի ձորի Վարազի ձոր տեղանքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են Աշտարակի ձոր և այդ ժամանակ նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 14 շենքի բնակիչ 19-ամյա Բաբկեն Գալստյանը և հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է» և պետք է վճարումներ կատարեն: Քաղաքացիները փորձել են պարզել, թե ինչի համար պետք է վճարումներ կատարեն, իսկ Վ. Գալստյանը իր ընկերների հետ սկսել է հայհոյանքներ տալ և ձեռքը տանելով գոտկատեղին՝ փորձել է դուրս բերել հրազենը: Հանգստացողների մեջ եղել է ուժային կառույցի աշխատակից, ով կարողացել է զինաթափել նրան և այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Աշտարակի բաժին: Բաբկենի ընկերներից երկուսը դիմել են փախուստի, իսկ Բաբկենը տեղափոխվել է Աշտարակի ոստիկանություն. պարզվել է նաև, որ նրա մոտ եղել է «Макаров» տեսակի ատրճանակ, ինչը քննիչի կողմից առգրավվել է և ուղարկվել ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն: Երեկ քննիչի կողմից Բ. Գալստյանը ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Իսկ արդեն այսօր՝ լուսաբացին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ոստիկանության Աշտարակի բաժնի և ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի օպերատիվ-քննչական խումբը ձեռնարկված օպերատիվ-քննչական համալիր գործողությունների արդյունքում Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկվել Աշտարակ քաղաքի բնակիչներ 23-ամյա Ռուսլան Թադևոսյանին և 25-ամյա Արման Մուրադյանին, ովքեր Բ. Գալստայնի հետ եղել են հանցագործության վայրում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ քննիչի կողմից ձերբակալվեցին նաև Ռ. Թադևոսյանն ու Ա. Մուրադյանը, ովքեր նույնպես տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ-քննչական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանը և ոստիկանության Արագածոտնի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բ. Գալստյանը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն, սպանված աշտարակցի Գարսոյի աներձագի տղան է, իսկ Ռ. Թադևոսյանը՝ Գարսոյի տղան: