Պատահական երևույթ է տեղի ունեցել. Գորիսի քաղաքապետը՝ սպանության մասին
Շատ եմ ցավում Գորիսում կատարվածի համար, բայց չեմ կարող մեկնաբանել կատարվածը, քանի որ կան ինձանից բարձր ու համապատասխան մարմիններ: Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասաց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Ոսկանյանը նշեց` ինչքանով ինքն է տեղյակ Բուդաղյաններն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին լավ հարաբերություններ ունեին. «Դե իրենց ներքին հնարավոր լարվածության մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց մի քանի միջոցառումների ժամանակ նրանց միասին տեսել եմ»,- ասաց Գորիսի քաղաքապետը: Ինչ վերաբերում է իր ու Բուդաղյան եղբայրների, մասնավորապես Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի հարաբերություններին, Նելսոն Ոսկանյանն ասաց, որ այստեղ էլ լավ գործընկերային հարաբերություններ էին. «Բուդաղյանների ընտանիքը իմ բարեկամներն են, մենք անգամ ազգակցական կապ ունենք: Երկու կողմի հետ էլ ունեցել եմ գործընկերային շատ լավ հարաբերություններ»,- ասաց Նելսոն Ոսկանյանը: Գորիսի քաղաքապետն անդրադարձավ նաև քաղաքում դեպքից հետո տիրող տրամադրություններին. «Ես հիմա ասում եմ` ամենաանվտանգ քաղաքը Գորիսն է: Այո՛, պտահարներ լինում են ամեն տեղ, բայց այսօր մեր քաղաքում վախ ու լարված մթնոլորտ չկա»: Լրագրողի այն դիտարկմանը, որ քաղաքում իրենց անցկացրած հարցումներն այլ բան են ասում և քաղաքացիները վախեցած են, Նելսոն Ոսկանյանը պատասխանեց. «Ի՞նչ վախի մթնոլորտի մասին է խոսքը: Չկա նման բան: Միգուցե դուք եք հարցն այդպես ձևակերպում, որ նման պատասխան ստանաք: Ուզում եմ ասեմ, որ կատարվածում քաղաքական ոչ մի բան չկա: Ցավալի փաստ է, մեղավորները կպատժվեն: Ուղղակի պատահական երևույթ է տեղի ունեցել»,- ասաց Գորիսի քաղաքապետը: Նելսոն Ոսկանյանի խոսքով` ինքը հարցաքննության չի կանչվել, քանի որ դեպքին ներկա չի եղել: «Դեպքին չեմ եղել: Բայց կրակոցներից 15 րոպե հետո միանգամից գնացել եմ մարզպետի տուն, հենց այնտեղ էլ վերջին անգամ տեսել եմ Սուրիկ Խաչատրյանին»: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու վերաբերյալ պահանջներին, Նելսոն Ոսկանյանը նշեց. «Ես ոչ մի կերպ դրանք մեկնաբանել չեմ կարող: Դա քաղաքական որոշում է»: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է` հիվանդանոցում է: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Հիվանդանոցում է նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից մեկը: