Բաժիններ՝

Հսկողությունը դպրոցներում ձևական է

Հանրակրթական դպրոցներում սովորող կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանդեպ հսկողության պակասն իր հետևանքն է ունեցել Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 12-րդ դպրոցում: 2013 թ. փետրվարի 6-ին երկրորդ դասարանի աշակերտ Ստեփան Սողոյանը աչքի ստորին հատվածում գրիչի սուր ծայրով անսպասելի հարված է ստացել զուգահեռ դասարանի աշակերտ՝ խոսքի և մտավոր թերզարգացման խնդիր ունեցող Մինասյան Գոռից:

Այս միջադեպը լուրջ քննարկման առիթ չի հանդիսացել նույնիսկ սոսկալի հետևանքներից հետո: Ստեփանը տուն է վերադարձել ձախ աչքից փոքր ինչ ներքև թույլ արտահայտված կապտուկով: Աչքը սկսել է խիստ այտուցվել միայն գիշերը, որի պատճառով երեխան հասցվել է Հրազդանի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկներն այտուցվածությունը որակել են որպես օրգանիզմում տարածված թանաքից առաջացած ինֆեկցիա ունք-ճակատային հատվածում և՝ երեխային ուղարկել Երևանի 8-րդ հիվանդանոց:

Վիրահատությունը չորս օր անց Ստեփանը դուրս է գրվել «ձախ ակնապիճի ֆլեգմոնա» ախտանիշով:  Հինգ օր շարունակ աչքը բացել չի կարողացել: Ստեփանը շարունակել է իր պարբերական հաճախումները դպրոց: Չանցած մեկ ամիս ախտանիշը կրկնվել է և մարտի 2-ին երեխային վիրահատել են երկրորդ անգամ: Այս վերջին վիրահատությունից հետո փոքրիկ Ստեփանը տևական ժամանակ տանից դուրս չի եկել: Բժիշկները կասկած են հայտնում, որ նրա մոտ հնարավոր է փափուկ ոսկորի գերաճ լինի, որը պարզ կդառնա միայն վեց ամիս անց:

«Օրեր շարունակ երեխաս դուրս չէր գալիս սթրեսային վիճակից: Առաջին վիրահատության ժամանակ երեք օր շարունակ նա վախից չի խոսել: Հայելի չկար, որ իրեն տեսներ. սեփական վիճակի մասին պատկերացում էր կազմել կողքից լսած արտահայտություններից ու ահով լի բացականչություններից, իրեն նայող զարմացած հայացքներից: Դա դեռ չհաշված, մի ամիս շարունակ նրան ընկճում էին դեպքի վերաբերյալ հարցերի շարանները»,- ասում էր սրտնեղած մայրը`հավելելով, որ Ստեփանի նու՛յնիսկ քունը խաղաղ չէր, քնի մեջ բարձրաձայն արտահայտվում էր իր վիճակի մասին, թե. «Մամա՛, ես տառերը չեմ տեսնում»:

Ստեփանի մայրը` Գոհար Սարգսյանը խոսեց վնասը հասցնող երեխայի՝ հասակակիցներին հասցրած նմանատիպ այլ վնասների մասին ևս: Տուժածներից մեկն էլ Ստեփանի համադասարանցի Վահե Մեսրոպյանն էր, որի գլխին նա հարվածել էր ջրով լի պոլիէթիլենային շշով:

Դպրոցի տնօրեն Գագիկ Միքայելյանը նշում էր, որ հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար ազդեցիկ միջոցներ ձեռնարկելու իրավունքը դպրոցի տնօրինությանը չի պատկանում: Նա միայն Գոռի ծնողին խորհուրդ է տվել երեխային տեղափոխել այնպիսի կրթական հաստատություն, որտեղ տարվում են համապատասխան շտկողական աշխատանքներ, որն ինչ-ինչ պատճառներով մերժվել է ծնողի կողմից:

Տնօրենի կարգադրությամբ տարրական դասարանների դասղեկներն այժմ ներկա են գտնվում նաև մյուս առարկաների ժամերին: Ծնողների բազում բողոքներից հետո Գոռ Մինասյանի ծնողը սկսել է դպրոց հաճախել երեխայի հետ միասին ու ներկա լինել բոլոր դասերին:

Ստեփանի ներկա դրությունը համեմատաբար լավ է, փորձում է լրացնել կուտակված դասերը:

Հանրակրթական դպրոցներում սովորող վարքի շեղումներ ունեցող կամ կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանդեպ կատարվող շտկողական թերի աշխատանքների դեպքում կա երկկողմանի վտանգ. տուժում են ե՛վ խնդիրներ ունեցող, ե՛վ առողջ երեխաները, ինչպես հեգեբանական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից: Կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անլիարժեքության զգացումն առավել ցայտուն է արտահայտված, երբ նրանք ստանում են ոչ թե հատուկ, այլ՝ ներառական կրթություն հանրակրթական դպրոցներում, այն դեպքում, երբ հսկողությունը նրանց հանդեպ ունի ձևական բնույթ:

Արև Սողոյան
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս