«Իշխանություններին ի՞նչ կա, իրենք ոնց լավ ապրում էին, այդպես էլ լավ շարունակելու են ապրել»

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական ակտիվության նվազմանը զուգահեռ` որոշակի զարգացումներ տեղի ունեցան Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ:

Խոսքը ղարաբաղյան հիմնահարցի կարգավիճակի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության՝ «ադրբեջանական տարածքներ» արտահայտության և դրանից հետո Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցության մասին է: Իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը չի մասնակցի նաև Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկելիք Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրազԷՍ) գագաթաժողովին: Այդ գագաթաժողովին մասնակցեց նաև Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն, բայց հետաքրքիր է, որ Աստանա է մեկնել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Հարցի շուրջ բավական բուռն քննարկումներ եղան, և մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ Սերժ Սարգսյանի այս քայլը դիտեցին որպես բոյկոտ` ի պատասխան Լավրովի հայտարարությանը ու նաև ՌԴ-ից ներկրվող բնական գազի գնի բարձրացմանը, իսկ մյուսները հակված են կարծելու, որ ՀԱՊԿ-ի նշված գագաթաժողովը որևէ կարևորություն չուներ, և Սերժ Սարգսյանի մասնակցությունն անիմաստ էր, ուստիև որևէ բոյկոտի կամ դեմարշի մասին խոսք լինել չի կարող: Օրինակ` հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Սերժ Սարգսյանի չմասնակցելը կարելի է քաղաքական դեմարշ համարել: Իսկ դրան հակառակ` Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նման գնահատականը խիստ չափազանցված համարեց` նշելով, որ Սերժ Սարգսյանի` գագաթաժողովին չմասնակցելը «պետք չէ դարձնել ողբերգություն կամ լվից ուղտ սարքել»:

Հարցի շուրջ զրուցեցինք Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ, ով նկատեց, որ Սերժ Սարգսյանը նաև որոշ եվրոպական գագաթաժողովների չի մասնակցել:

Կարդացեք նաև

«Ես դրան հանգիստ եմ վերաբերվում: Ցավոք սրտի, Հայաստանի արտաքին քաղաքականության ազդեցությունն աշխարհաքաղաքական գործընթացների վրա շատ փոքր ու չնչին է: Եթե պետությունը ներսից խոցելի է լինում, իշխանության լեգիտիմության պակաս կա, ապա մասնակցել-չմասնակցելն առանձնակի բան չի փոխում»,- ասաց Սոս Գիմիշյանը: Ըստ նրա` դա կարող է լինել տակտիկական, ժամանակավոր խուսանավում` խնդիրների լուծման կամ հարցերի պատասխան տալու, կամ արձանագրություն այն փաստի, որ Հայաստանի մասնակցությունն առանձնակի նշանակություն չունի:
Անդրադառնալով գազի գնի բարձրացման և Լավրովի հայտարարության քաղաքական ենթատեքստին` Ս. Գիմիշյանը նշեց, որ այդ բոլորը «նույն եղանակից է»:

«Նույն արտաքին ճնշումն է, իհարկե, մեր պաշտոնական իշխանությունները միշտ պնդում են, թե ոչ մի ճնշում չկա, ոչ մի պրոբլեմ չկա, բայց այդ հայտարարությունները և՛ փոքր ճնշում են, և՛ փաստացի Հայաստանին որոշակի ուղղորդում են` այս կամ այն դիրքորոշումն ունենալ: Իսկ գազի գնի բարձրացումը դա ուղղակի ճնշում է: Իշխանություններին ի՞նչ կա, իրենք ոնց լավ ապրում էին, այդպես էլ լավ շարունակելու են ապրել: Եվ ժողովրդի վրա ճնշում գործադրելով` անուղղակիորեն ճնշվում են նաև իշխանությունները,- ասաց նա` ավելացնելով,- Մեծ իմաստով` ես չեմ տեսնում Հայաստանում քաղաքական կամք և ունակություն` այդ բոլոր խնդիրներին քիչ թե շատ արդյունավետորեն հակազդելու: Մինչև հիմա մի կերպ դիմացել ենք, ամեն դեպքում վատ չէ, որ դիմացել ենք»:

Մեր հարցին, թե ո՞րն է Ռուսաստանի այդ ճնշման նպատակը, Ս. Գիմիշյանը պատասխանեց.

«Դա ինձ համար ակնհայտ է. երբ Արևմուտքը ճնշում է, դրդում է Հայաստանին դեպի Արևմուտք գնալ և իրենց շահերին համապատասխան քայլեր ու քաղաքականություն իրականացնել, իսկ երբ ճնշում է Ռուսաստանը, ապա անուղղակիորեն դրդում է Հայաստանին անել այնպիսի քայլեր, որոնք կապահովեն Ռուսաստանի շահերը: Այդ բոլոր քաղաքական քայլերը միշտ էլ լինելու են, կարևորը` երկիրն ուժեղ լինի, հասարակությունը համախմբված լինի, ներքին համերաշխություն լինի: Այդ դեպքում ոչ ոք մեզ համար սարսափելի չի լինի. ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրոպան, այդ դեպքում մենք ցանկացած խնդիր կլուծենք` Աստծո օգնությամբ: Իսկ երբ անարդարություն է, երկիրը պառակտված է, մնացել է միայն այս պետության անունը, իհարկե, ցանկացած փռշտոց Հյուսիսից, Հարավից կամ Արևմուտքից մեր վրա ազդելու է»:

Հարցրինք, թե այդ դեպքում, ըստ Ս.Գիմիշյանի` որո՞նք պետք է լինեն հայկական դիվանագիտության քայլերը:

«Կարծում եմ` մեր մոտեցումը մեկն է լինելու. որ կողմը, լինի Արևմուտքը թե Հյուսիսը, առավել բարենպաստ լուծում առաջարկի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, այդ ուղղությամբ էլ պետք է գնանք: Եթե Մոսկվայից լինի առաջարկ` որպես ղարաբաղյան հարցի ամենաբարենպաստ լուծում, ապա մենք պետք է Հյուսիսի հետ համագործակցենք, նույնն էլ Արևմուտքից կամ Արևելքից: Որ ուժի կենտրոնից լինի լավագույն առաջարկը, դրանից պետք է բխի մեր ընտրությունը: Իհարկե, ցանկալի է ապահովել բազմակողմ համագործակցություն, բայց եթե ղարաբաղյան հարցի համար պետք է կողմնորոշվել, ապա ես կգնայի` միայն և միայն այս խնդրի լուծման եղանակից ելնելով»,- ի պատասխան` ասաց Սոս Գիմիշյանը:

Մենք նկատեցինք, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ օրերս հայտարարություն է արել նաև եվրոպական կառույցներից մեկի ներկայացուցիչը, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը Բաքու կատարած իր այցի ժամանակ ասել է, թե 2013 թ. կարող է բեկումնային լինել Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Այս մասին էլ Ս. Գիմիշյանն ասաց. «Այդպիսի հայտարարություններ լսում ենք արդեն 18 տարի: Որևէ նորություն չեմ տեսնում, և ընդհանրապես եվրոպական կառույցների կողմից ես չեմ տեսնում պրակտիկ մեխանիզմներ, որոնցով Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է այս կամ այն ուղղությամբ լուծում ստանա: Դրանք պարզապես զուտ դիվանագիտական, քաղաքական հայտարարություններ են»:

Տեսանյութեր

Լրահոս