Դեպի ստամոքսահենք տնտեսություն
Առաջին անգա՞մ եք լսում այս արտահայտության մասին: Հազիվ թե լսած լինեք, որովհետև սովորաբար մեր ականջը շոյում են այլ բնույթի ձևակերպումներով: Ասենք՝ գիտելիքահենք տնտեսություն: Լսած կլինեք, որ կառավարության անդամները հայտարարում են՝ Հայաստանն ունենալու է գիտելիքահենք՝ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Սակայն դառը իրականությունն այն է, որ թե՛ տնտեսությունը, թե՛ հասարակությունն այսօր գնալով հեռանում են «գիտելիքային հենքից» և սկսում ավելի շատ հենվել «ստամոքսի», այսինքն՝ սոցիալական ու կենցաղային գործոնների վրա: Իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե հենվում են, այլ նրանց հրում են դեպի ստամոքսը:
Սկսենք հերթով և ամենասկզբից:
Գիտելիքահենք տնտեսության գաղափարը շրջանառության մեջ դրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2008 թվականին վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո նա սկսեց խոսել այն մասին, որ իր թիմը պատրաստվում է կառուցել գիտելիքի վրա հիմնված հասարակություն և տնտեսություն, որն էլ, իր հերթին, պետք է հիմնվի ուժեղ կրթական համակարգի վրա:
Վարչապետը և նրա տնտեսական բլոկի ենթակաները հաջորդ տարիներին այս արտահայտություններն այնքան հաճախ էին օգտագործում, որ այն դարձավ արդեն ականջին հաճելի բառ: «Երկրի ապագան մենք տեսնում ենք՝ որպես գիտելիքահենք հասարակություն և տնտեսություն»,- ասում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության, ինչպես նաև՝ դրա հետ կապված ոլորտների, մասնավորապես, ՏՏ ոլորտի մեջ, որը մեր թիվ մեկ գերակայությունն է:
Գիտելիքահենք տնտեսություն կառուցելու, այսպես ասած, տեսլականը արտացոլված էր նաև ՀՀ կառավարության 2008-2012 թվականների ծրագրում: Գիտելիքահենք տնտեսություն կառուցելու համար հարկավոր է զարգացնել կրթությունն ու գիտությունը: Այսինքն՝ հարկավոր է մեծացնել ֆինանսավորումը:
2007 թվականին՝ մինչև Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելը, կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերը կազմում էին ՀՆԱ-ի 2.9%-ը: Կառավարության ծրագրով նախատեսվում էր այդ ցուցանիշը հասցնել 3.5%-ի: Սակայն 2012 թվականին կրթության ոլորտին ուղղված ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2.6%-ը (2012 թվականի ՀՆԱ-ն եղել է մոտ 4 տրիլիոն դրամ, իսկ կրթության ոլորտին բյուջեից հատկացվել է 105.5 մլրդ դրամ):
Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ կառավարությունը նպատակ ուներ 2008-2010թթ. ընթացքում ՀՆԱ-ն աճեցնել տարեկան 8-10%-ով, ապա կրթությանն ուղղվող բացարձակ ֆինանսավորումը պետք է առնվազն կրկնակի ավելանար: Սակայն ավելացել է ընդամենը 1.9 միլիարդ դրամով կամ 1.8%-ով՝ 2008 թվականի 103.6 միլիարդ դրամից հասնելով 105.5 միլիարդ դրամի: Եթե հաշվի առնենք այս տարիների ընթացքում արձանագրված գնաճը, ապա կարելի է ասել, որ կրթությանն ուղղված ֆինանսավորումն իրականում նվազել է:
Այսքանը՝ գիտելիքահենքի մասով: Հիմա անդրադառնանք ստամոքսահենքին:
Սոցիալական ոլորտին ուղղվող պետական ծախսերը 2008 թվականին կազմում էին ՀՆԱ-ի 6%-ը: Կառավարությունը նախատեսում էր այդ ցուցանիշն ավելացնել 0.2 տոկոսային կետով՝ 2012 թվականին հասցնելով 6.2%-ի: Սակայն 2012 թվականին սոցիալական ոլորտի պետական ֆինանսավորումը կազմել է ՀՆԱ-ի 7.6 %-ը: Սոցիալական ոլորտի պետական ֆինանսավորումը 2008 թվականի բյուջեով 219.2 միլիարդ դրամ էր, իսկ 2012 թվականին՝ 307.2 միլիարդ:
Սոցիալական ոլորտի ծախսերի ավելացումն, իհարկե, անհրաժեշտություն էր: Ավելին՝ պետք եղածից ավելի քիչ էր, քանի որ անգամ սոցիալական ոլորտին ուղղված ֆինանսավորման 50%-անոց ավելացումը չի կարողացել կրճատել աղքատության մակարդակն ու արտագաղթի տեմպերը:
Այսինքն՝ խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ է կառավարությունն ավելացրել սոցիալական ֆինանսավորումը: Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների լուծումն այլևս հնարավորություն չի թողնում գիտելիքահենք տնտեսություն զարգացնելու համար:
Ինչ-որ տեղ սա նաև տրամաբանական է, քանի որ սոված փորով գիտական լուրջ արդյունք ակնկալել հնարավոր չէ: Անցած 5 տարիների ընթացքում կառավարությունը ոչ թե գցել է գիտելիքահենք տնտեսության հիմքերը, այլ փորձել է գոնե այնպես անել, որ մարդիկ կարողանան գոյատևել: Առաջնահերթություն դարձել է ոչ թե գիտությունն ու դրա վրա հիմնված տնտեսությունը, այլ՝ հացի խնդիրը լուծելը:
Ավելացնենք, որ դա անուղղակիորեն արտացոլվում է նաև կառավարության նոր ծրագրում: 62 էջանոց այդ փաստաթղթում «գիտելիքահենք» բառն ընդհանրապես բացակայում է, իսկ «գիտելիք» բառն օգտագործվում է ընդամենը 3 անգամ, որից երկուսը՝ նույն նախադասության մեջ: