Տիգրան Սարգսյանի խոստովանությունը

Հայաստանի Հանրապետության իշխանությունները հնարավոր ձախողումներից իրենց ի սկզբանե ապահովագրելու համար վերջին ժամանակներս մի նոր մեթոդ են կիրառում։ Դա կարելի է պայմանականորեն անվանել՝ վստահության մեթոդ։

Ի՞նչ է սա նշանակում։ Իշխանությունը տալիս է խոստումներ, ներկայացնում հիմնավորված ծրագրեր ու ռազմավարություններ, նշում է, թե ինչ դրական փոփոխություններ են ակնկալվում և ավելացնում՝ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը մեզ հավատա։

Օրինակ՝ ՀՀ կառավարության ծրագիրը սկսվում է փայլուն ապագայի մասին պատմող նախադասություններով՝ բարեկեցիկ կյանք, մատչելի կրթություն, աղքատության նվազում, և այլն։ «Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ իր զավակների ապագան ավելի լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում, որ զավակներն ավելի պաշտպանված և բարեկեցիկ են լինելու մեր երկրում»,- նշված է ծրագրում:

Իսկ այդ ամենից հետո կարող ենք կարդալ հետևյալը. «Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա փոխվելու: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա փոխելու մեր երկիրը: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա արարելու և կերտելու ապահով Հայաստան՝ սերունդներին թողելով հզոր Հայրենիք և մարտունակ պետություն»:

Պարզ ասած՝ պետությունը կոչ է անում հավատալ, որ լավ է լինելու։ Այսինքն՝ լավ լինելը կախված է նրանից, որ հավատանք՝ լավ է լինելու։

Սա ոչ թե նոր բան է, այլ  «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի շարունակությունը։

Իսկ կիրակի օրն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին վերահաստատեց այս թեզը (ինչպես սիրում են ասել) և խոստովանեց, որ վստահության պակաս կա։

Մասնավորապես, հարցին՝ հասարակությունը վստահո՞ւմ է կառավարությանը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց՝ ոչ։ Եվ ավելացրեց, որ իրենք ավելի մեծ վստահության կարիք ունեն՝ լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար։

Սա ինքնին շատ ուշագրավ միտք է, որի շուրջ կարելի է երկու կարծիք ունենալ։ Մի կողմից՝ բարեփոխումներ և արդյունք ունենալու համար, իրոք, հասարակության կողմից լայն վստահություն է պետք։ Մյուս կողմից՝ հասարակական վստահության համար էլ լուրջ բարեփոխումներ են պետք։ Տիգրան Սարգսյանի պարագայում վիճակը բարդանում է նրանով, որ նա այդ վստահությանն արժանանալու համար ուներ ամբողջ 5 տարի։ Այսինքն՝ նա արդեն պետք է իր քայլերով այնպես աներ, որ այսօր հարկ չլիներ խոսել վստահության պակասի մասին։

Սակայն ամենաուշագրավն այս մտքի դիտարկումն է հակառակ կողմից։

Ըստ էության՝ Տիգրան Սարգսյանն այդ խոսքով անուղղակիորեն մի շատ լուրջ խոստովանություն արեց։ Սակայն ամեն ինչ՝ հերթով։

Այսպես, վստահություն ասվածն այնքան էլ վերացական հասկացություն չէ, և կոնկրետ իշխանության պարագայում՝ այն չափման կոնկրետ ցուցանիշ ունի՝ ընտրությունների ժամանակ ստացած ձայները (դա անվանում են նաև վստահության քվե)։

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն, որի անդամ է նաև Տիգրան Սարգսյանը, ստացավ մանդատների բացարձակ մեծամասնությունը։  ՀՀԿ-ի կարգախոսն էր՝ «Հավատանք, որ փոխենք»։ Ըստ ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքների, հասարակությունը հավատաց և ասաց՝ դե՛ փոխեք։  Այս տարվա փետրվարի նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց 58%-ով, իսկ դրանից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստացավ ձայների 55%-ը։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ վստահության քվե։ Ցանկացած նորմալ երկրում 50%-ը հաղթահարած քաղաքական ուժը համարում է, որ ստացել է հասարակության վստահության քվեն և լծվում է աշխատանքի։

Իսկ հիմա, իրենց իսկ խոսքերով՝ համոզիչ հաղթանակից հետո, պարզվում է, որ հասարակությունն իշխանությանը չի վստահում։

Ուրեմն, ըստ վարչապետի խոսքերի, կամ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կամ էլ մեզ փորձում են համոզել, որ ՀՀ քաղաքացիներն ընտրել են այն թեկնածուներին, որոնց չեն վստահում։ Եթե կա երրորդ տարբերակը, ապա մեծ հաճույքով կծանոթանանք այդ տարբերակին։

Տեսանյութեր

Լրահոս