«Օտարություն եմ զգում, չկա իմ մանկության երևանյան միջավայրը»
168.am-ի զրուցակիցը նկարչուհի, ճարտարապետ Մարի Ադամյանն է:
– Մարի, կարծես թե ծաղիկներ շատ եք նկարում, նրանց նկատմամբ յուրահատո՞ւկ վերաբերմունք ունեք:
– Այո, իսկապես թուլություն ունեմ ծաղիկների նկատմամբ, հատկապես դաշտային ծաղիկների: Երբ տեսնում եմ դրանք իրենց բնական միջավայրում՝ բնության գրկում, թեթև օրորվելիս մեղմիկ քամուց և յուրահատուկ դաշտային բույր արձակելուց, ապա անմիջապես ցանկություն է առաջանում անմահացնելու դրանք, չէ՞ որ ծաղիկները շատ կարճ կյանք ունեն, և նկարելու միջոցով ինչ-որ չափով պահպանում եմ զգացողական հիշողությունս:
– Ի՞նչ է Ձեզ համար նկարչությունը` արվեստի մի ճյո՞ւղ, որտեղ կարողանում եք ինքնարտահայտվել, հոգեվիճակն արտահայտելու միջո՞ց…
– Ես նկարում եմ մանկուց և չեմ պատկերացնում իմ կյանքն առանց նկարչության, մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, լինի դա պատվերո՞վ արված, թե՞ հոգուց բխած զգացմունքային աշխատանք:
– Ձեր աշխատանքներում նաև քաղաքներ են պատկերված: Նկարները ճանապարհորդելո՞ւ արդյունք են: Ընդհանրապես ճանապարհորդելը նկարչության թեմա տրամադրո՞ւմ է:
– Անկասկած, նկարիչը միշտ կարիք ունի ճամփորդելու: Իմ «Ճամփորդական բլոկնոտից» նկարների շարքն իմ ճամփորդությունների, տպավորությունների արդյունքն է, նկարել եմ միայն այն քաղաքները, որոնք տեսել եմ: Վստահ եմ, որ տվյալ երկրի միջավայրը, բարքերը, սովորույթները և մշակույթը միանշանակ իրենց հետքը թողնում են մարդու աշխարհայացքի, մտածելակերպի վրա, և ինչքան շատ բան ես տեսնում, այնքան հարուստ ես լինում և խոհեմ, իսկ դա կարևոր է արվեստագետի համար:
– Երևանը հասցրե՞լ եք նկարել:
– Բոլոր քաղաքներից ամենաբարդն ինձ համար Երևանն էր, բայց այո, նկարել եմ նաև Երևանը, ոչ թե ինձ հոգեհարազատ Երևանը, այլ ուղղակի այսօրվա Երևանը:
Ինչքան լավ ես ճանաչում քաղաքը, այդքան դժվար է գտնել այդ քաղաքի կերպարը: Ինչպես և ինքնադիմանկար նկարելն ինձ համար շատ ավելի բարդ է, քան նկարել դիմացինին: Երևի դա նրանից է, որ ինքդ քեզ ճանաչում ես ավելի լավ և պատկերում ես այն բնավորությունը, որը նույնիսկ մտերիմներդ չեն գտնում քո մեջ, իսկ դիմացինին պատկերում ես այնպես, ինչպես միայն դու ես տեսնում:
– Որպես ճարտարապետ` որքանո՞վ է Ձեզ համար կարևոր հին Երևանի, քաղաքի պահպանումը:
– Յուրաքանչյուր քաղաք արժևորվում է իր անցած ճանապարհով, իր պատմությամբ: Հին քաղաքի պահպանումն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքի պատմական շերտերը երևան: Պատկերացրեք` ի՞նչ կլինի, եթե ամեն մի սերունդ ոչնչացնի հինը և կառուցի նորը… Չգիտեմ՝ ինչո՞ւ, մեր քաղաքի պարագայում, ինչ որ փոխվում է, միշտ փոխվում է դեպի վատը, ինչ որ վերակառուցվում է, կորցնում է իր նախկին հմայքն ու հարստությունը:
Ես միանշանակ կողմ եմ հին Երևանի պահպանմանը, չնայած արդեն կարծես թե բան չի մնացել պահպանելու:
– Ձեզ բավարարո՞ւմ է Երևանի ներկայիս տեսքը:
– Ոչ, չի բավարարում, ինչ- որ օտարություն եմ զգում, չկա իմ մանկության երևանյան միջավայրը, շատ են փոխվել խիտ կանաչապատումով այգիները, ոչնչացվել կամ «վերակառուցվել» են հին երևանյան շենքերը, և օտար է դարձել մասնավորապես աղավաղված կենտրոնը, որտեղ քաոս է տիրում:
– Մարի, իսկ որպես նկարիչ կարևորո՞ւմ եք ցուցահանդեսներին մասնակցություն ունենալը:
– Անշուշտ, ցուցահանդեսներին մասնակցությունը կարևոր է նախ և առաջ՝ արվեստագետի համար, հետո՝ հանդիսատեսի: Երբ ստեղծագործությունն արվեստանոցից դուրս է գալիս և նոր միջավայրում է ցուցադրվում, ուրիշ մասշտաբի մեջ նոր կյանք է առնում, հեղինակն էլ ավելի ճիշտ է կարողանում գնահատել իր արած աշխատանքը: Շատ մեծ նշանակություն ունի նաև ցուցադրման ֆորմատը, էքսպոզիցիան:
– Տարբեր երկրներում են Ձեր աշխատանքները ներկայացվել: Ընկալման առումով այստեղ և դրսում տարբերություններ կա՞ն:
– Բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների եմ մասնակցել, բայց մեծամասամբ աշխատանքներս «մեկնում» էին ցուցադրության առանց ինձ: Դժվարանում եմ միանշանակ տարբերություն դնել, բայց իմ կարծիքով՝ մեզ մոտ ցուցահանդեսների ժամանակ մարդիկ ավելի անմիջական շփում ունեն միմյանց հետ, բայց բացակայում է առողջ մասնագիտական քննադատումը: Արտասահմանում մի քանի անգամ եմ ներկա եղել խմբակային ցուցահանդեսներին, որտեղ կոլեգաներս առանձնապես ձգտում չունեին ծանոթանալ և շփվել իրար հետ, ամեն մեկը մի բաժակ վերցրած՝ հանգիստ շրջում էր ցուցասրահում:
– Նկար գնելու մշակույթը մեզ մոտ դեռ կա՞:
– Մեզ մոտ խիստ պակասում են կոմերցիոն ցուցասրահները, որոնք պետք է զբաղվեն նկարների վաճառքով: Հիմնական նկար գնելու տեղը Վերնիսաժն է, որտեղ ավելի մատչելի, բայց միայն կոմերցիոն նպատակներով ստեղծված աշխատանքներ կան: Ժողովրդի մեծ մասը նախընտրում է գնել նկարներ Վերնիսաժից՝ հարմարեցնելով այդ նկարը տան ինտերիերին, պատի կամ կահույքի գույնին: Բայց դրա հետ մեկտեղ՝ կան նաև լուրջ կոլեկցիոներներ, ովքեր հետաքրքրված են և գնում են արվեստի իրական նմուշներ, բայց չեն ցանկանում բարձրաձայնել կամ ցուցադրել որևէ տեղ իրենց հավաքածուները:
– Ընդհանրապես ի՞նչ եք կարծում` հայերն արվեստասե՞ր ժողովուրդ են:
– Կարծում եմ՝ բոլոր ազգերի մեջ կա արվեստասեր և արվեստը գնահատող մի շերտ: Հայաստանում ավելի շատ ուշադրության են արժանանում արհեստի նմուշներ, նույն Վերնիսաժում վաճառվող ձեռքի աշխատանքները, սիրողական մակարդակով պատրաստված քանդակներ, ոսկերչական իրեր:
– Հիմա ի՞նչ նկարի կամ շարքի վրա եք աշխատում:
– Ներկա պահին ավելի տարված եմ իմ աշխատանքով դպրոցում. դասավանդում եմ կերպարվեստ «Այբ» ավագ դպրոցում, որն ինձ նույնպես հաճույք է պատճառում, բայց մոտակա ժամանակ պետք է պատրաստվեմ մի քանի խմբակային ցուցահանդեսների մասնակցությանը, որոնք արդեն իսկ պլանավորված են Երևանում և Մյունհենում: