«Ճիշտ» վարչապետը և տնտեսական հրաշքը
Սինգապուրը մի քաղաք է, որը կառուցված է ճահճոտ կղզու վրա, չունի ոչ մի բնական ռեսուրս: Այն իր տարածքով մի քանի անգամ զիջում է, օրինակ, Կիևին, այն դեպքում, երբ Սինգապուրի համախառն ներքին արդյունքը 1.3 անգամ գերազանցում է Ուկրաինայինին և հսկայական Ռուսաստանի նույն ցուցանիշին զիջում է ընդամենը 5 անգամ: Դա՝ այն պարագայում, երբ Ռուսաստանը հարուստ է բնական ռեսուրսներով, իսկ Սինգապուրը նույնիսկ խմելու ջուրը բերում է Մալազիայից և Ինդոնեզիայից:
Այս հրաշքի հիմքում ընկած է անհատական գործոնը: Սինգապուրյան հրաշքի հեղինակները Լի Կուան Յուն և նրա թիմակիցներն են: Կուան Յուն ծնվել է 1923թ., ավարտել է Քեմբրիջի համալսարանը, 1959-1990թթ. եղել է Սինգապուրի վարչապետը, իսկ դրանից հետո մինչ օրս տարբեր պաշտոններ է զբաղեցնում Սինգապուրյան կառավարությունում: Սինգապուրի տնտեսության կայացման և վերելքի մասին Կուան Յուն տարիների ընթացքում պատմել է իր «Սինգապուրյան պատմություն. «երրորդ աշխարհից»` «առաջին» աշխատությունում:
Կուան Յուի խոսքով, երբ 1959թ. անկախացած Սինգապուրում ինքը եկել է իշխանության, ունեցել է մի քանի առաջնային խնդիր: «Առաջին հերթին, պետք էր հասնել նրան, որ Սինգապուրի անկախությունը միջազգային ճանաչում ստանար: Ես արտգործնախարարի պաշտոնում նշանակեցի Սինատամբի Ռաջարատամային: Նա հարմար էր այդ պաշտոնին, հայտնի էր իր հակագաղութատիրական հայացքներով, հմայիչ, պարկեշտ անձնավորություն էր, ով կարող էր ճիշտ հավասարակշռություն գտնել ամուր սկզբունքների և դիվանագիտական փոխզիջումների միջև»,- գրում է Կուան Յուն: Հարկ է նշել, որ իր իշխանության տարիներին Կուան Յուն ցանկացած պաշտոնյայի նշանակել և ազատել է նման սկզբունքով, այսինքն` կարո՞ղ է արդյոք տվյալ մարդը ճիշտ աշխատել այդ պաշտոնում, թե՞ ոչ: 1965-ից երկրները սկսեցին հերթով ճանաչել Սինգապուրի անկախությունը:
Հաջորդ կարևոր հարցը տնտեսությունն էր: «Ինդոնեզիան մեզ հետ առճակատման իրավիճակում էր գտնվում, ինչը հանգեցրել էր առևտրի դադարեցմանը: Մալազիան ուզում էր շրջանցել Սինգապուրը և իր գործերն անել անմիջապես իր առևտրային գործընկերների հետ և իր սեփական նավահանգիստների միջոցով: Ինչպե՞ս կարող էր այս պայմաններում գոյատևել անկախ Սինգապուրը: Մենք պետք է անհապաղ ստանայինք այս հարցի պատասխանը, հատկապես, երբ 14%-անոց գործազրկությունն աճի միտում ուներ: Բացի այդ, մենք պետք է հաշվի առնեինք, որ այլևս բրիտանական տիրության կողմից չէինք կառավարվում: Մեր ամենակարևոր ակտիվը մարդկանց վստահությունն էր, որ ձեռք բերեցինք կոմունիստների և մալայական ծայրահեղականների դեմ պայքարում: Հաջորդ կարևորագույն ակտիվը մեր մարդիկ էին` աշխատասեր, պարկեշտ, և ովքեր ձգտում էին սովորել»,- պատմում է Կուան Յուն:
Հենց այս պայմաններում էլ երկրի վարչապետը մշակում է իր ռազմավարությունը: Այդ տարիներին տնտեսագետների կողմից «երկաթե ճշմարտություն» էր այն, որ խոշոր բազմազգ կորպորացիաները շարունակում են գաղութատիրական քաղաքականությունը` էժան հողի, աշխատուժի և հումքի հաշվին: «Երրորդ» աշխարհի երկրներից շատերի ղեկավարները հավատում էին այդ «տեսությանը», սակայն դա ինձ վրա չազդեց: Մենք աշխատասեր ժողովուրդ ունեինք և 2 միլիոնանոց բնակչությանը պետք է ապահովեինք աշխատանքով, ուստի մենք պետք է գործ ունենայինք այդ կորպորացիաների հետ»,- խոստովանում է Կուան Յուն: Հենց այդ պահից էլ նա կտրականապես որոշեց երկրի «դռները» բացել Արևմուտքի և Ճապոնիայի առջև: Նրա համար «տնտեսական անկախություն» հասկացությունը պատրանք էր Սինգապուրի նման երկրի դեպքում. առաջնայինը տնտեսության վերելքն էր և բնակչության կենսամակարդակի աճը, և Կուան Յուն հասավ դրան:
Մի հեռախոսազանգի պատմություն
«Այն մարդուն, ով 1965թ. կփորձեր կանխատեսել, թե Սինգապուրը խոշոր ֆինանսական կենտրոն կդառնա, խելագար կհամարեին: Այդ դեպքում որտեղի՞ց քաղաքի կենտրոնում հայտնվեցին լուսավոր ու բարձրահարկ ժամանակակից շենքերը, որոնցում տեղակայված բանկերը համակարգչային ցանցով կապված են աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների հետ:
Այս պատմության սկիզբն անհավատալի է: Հոլանդիայից մեր տնտեսական խորհրդատուն` Ալբերտ Վինսեմիուսը, 1968թ. զանգահարեց իր ընկեր Վան Օնենին` «Bank of America»-ի սինգապուրյան բաժանմունքի փոխնախագահին, և ասաց. «Մենք (Սինգապուրը) ուզում ենք առաջիկա 10 տարիների ընթացքում դառնալ Հարավ-Արևելյան Ասիայի ֆինանսական կենտրոնը»: Վան Օնենը պատասխանեց. «Լավ, եկեք Լոնդոն: Դուք դրան կարող եք հասնել 5 տարվա ընթացքում»: Վինսեմիուսն անմիջապես մեկնեց Լոնդոն, որտեղ Վան Օնենը նրան գլոբուսի առջև սկսեց ինչ-որ բան ցույց տալ. «Նայեք: Ֆինանսական աշխարհը սկսվում է Ցյուրիխում: Այնտեղ բանկերը բացվում են ժամը 9.00-ին: Մի փոքր ավելի ուշ բանկերը բացվում են Ֆրանկֆուրտում, հետո` Լոնդոնում: Ճաշից հետո փակվում են Ցյուրիխի բանկերը, հետո` Ֆրանկֆուրտինը, փոքր-ինչ ավելի ուշ` Լոնդոնինը: Այդ ընթացքում Նյու Յորքի բանկերը դեռ բաց են:
Այսպիսով, Լոնդոնը ֆինանսական հոսքերն ուղղում է Նյու Յորք: Այն ժամանակ, երբ փակվում են Նյու Յորքի բանկերը, ֆինանսական միջոցներն ուղարկվում են Սան Ֆրանցիսկո: Իսկ վերջինիս բանկերի փակվելուց հետո մինչև շվեյցարական ժամանակով ժամը 9.00-ն համաշխարհային ֆինանսական աշխարհում ոչինչ տեղի չի ունենում: Եթե մենք Սինգապուրին «տեղավորենք» հենց այդ ժամանակահատվածում, ապա պատմության մեջ առաջին անգամ հնարավոր կլինի իրականացնել գլոբալ շուրջօրյա բանկային սպասարկում»: Սակայն այդ ժամանակ Սինգապուրը գտնվում էր ֆունտ ստեռլինգի գոտում, և դա մեզանից պահանջում էր արժութային վերահսկողություն իրականացնել: Մենք կա՛մ պետք է դուրս գայինք ֆունտ ստեռլինգի գոտուց, կա՛մ պետք է հրաժարվեինք ֆինանսական կենտրոնի գաղափարից: Ես որոշեցի, որ այդ ռիսկն արդարացված է, և հրահանգեցի Սինգապուրը հանել ֆունտ ստեռլինգի գոտուց:
Իսկ 1965թ. մենք որոշեցինք, որ Սինգապուրը չպետք է կենտրոնական բանկ ունենա, որ կկարողանար փողի էմիսիա իրականացնել: Մենք հստակ որոշել էինք, որ չպետք է թույլ տանք, որ խոշոր պետությունների արժույթների նկատմամբ մեր երկրի արժույթն արժեզրկվի»,- պատմում է երկրի նախկին վարչապետը:
Սա մի փոքր մասն է այն հսկայական ուղու, որի միջոցով մի փոքր քաղաք դարձել է զարգացող պետություն, համաշխարհային ֆինանսական խոշոր կենտրոն: 1959թ. Սինգապուրի բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմել է 400 դոլար, իսկ արդեն 1999թ.` 22.000 դոլար: Կարծում ենք, այս տնտեսական հրաշքի պատմությունն իրական փորձ կարող է համարվել փոքր պետությունների ու նրանց ղեկավարների համար: Հատկանշական է նաև այն, որ Կուան Յուն երբեք չի առաջնորդվել «խիստ» տնտեսագիտական օրենքներով ու տեսություններով: Պարզապես, նա ամեն ինչ արել է սեփական ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: