Օբաման հերթական քայլն է արել Գուանտանամոյի բանտի փակման ուղղությամբ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել Գուանտանամոյի բանտից Եմեն բանտարկյալների տեղափոխման վրա իր իսկ դրած արգելքը:
Այս մասին նա հայտարարել է երեկ Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարանում ունեցած իր ելույթում: Գործակալությունն Օբամայի որոշումը պայմանավորում է նրանով, որ 2012 թվականի փետրվարին Եմենի նախագահի պաշտոնը զբաղեցրած Աբդ ալ-Ռահման Մանսուր ալ-Խադին պարտավորվել է ուժեղացնել իր երկրի անվտանգությունը:
Բացի այդ, գործակալությունն ընդգծում է, որ արգելքի չեղյալ հայտարարումը կհանդիսանա Գուանտանամոյի բանտի փակման ուղղությամբ հերթական քայլը, քանի որ այդ բանտում պահվող 166 բանտարկյալներից 90-100-ը եմենցիներ են:
Հիշեցնենք, որ Գուանտանամոյի բանտը գործում է 2002 թվականից: Այստեղ պահվում են ռազմական հանցագործություններում ու ահաբեկչական գործողություններում մեղադրվողները:
Իրավապաշտպանները քանիցս հայտարարել են Գուանտանամոյի բանտում մարդու իրավունքների խախտման մասին, ինչը մասնավորապես վերաբերում է բանտարկյալններին կտտանքների ենթարկելուն:
Բարաք Օբաման կարծում է, որ Գուանտանամոյի բանտն արդյունավետ չէ, համաշխարհային արենայում վնասում է ԱՄՆ-ի իմիջին և չափազանց թանկարժեք է սպասարկման համար, ինչի համար էլ անհրաժեշտ է փակել այն: