
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ համագործակցող 20 ընկերության ու մասնավոր անձանց նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 20 ընկերությունների ու մասնավոր անձանց նկատմամբ և ամերիկացիներին արգելել է գործ ունենալ նրանց հետ:
Տվյալ ընկերությունները պատժամիջոցների տակ են ընկել Իրանի միջուկային ծրագրի հետ կապեր ունենալու, Իրանի նկատմամբ սահմանված նավթային բեռնարգելքը շրջանցելու և Իրանի սպառազինության ծրագրերի համար նյութեր մատակարարելու համար:
Մասնավորապես, ցուցակում ընդգրկվել է Մալայզիան ներկայացնող Petro Green ընկերությունը, որը համագործակցել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հետ:
Պատժամիջոցներն առնչվել են նաև իրանական երեք ընկերության, որոնք փորձել են շրջանցել Iran Air ավիաընկերության նկատմամբ վաղուց սահմանված պատժամիջոցները: Ամերիկյան ևս երկու ընկերություն մեղադրվել է Իրանի միջուկային ծրագրին օգնություն ցուցաբերելու մեջ: