Թուրքիան կարող է մեծ օգուտ բերել ԵՄ-ին. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հանդիպել է Թուրքիա այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան կարող է մեծ օգուտ բերել ԵՄ-ին: Ռոմպեյի այցը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար:
Մենք քննարկել ենք երկկողմանի հարաբերությունների հարցը, ԵՄ-ի ներկայիս իրավիճակը, վիզային ռեժիմի հարցը, ինչպես նաև Nabucco գազատարի հարցը: Թուրքիան իր 76 միլիոն բնակչությամբ և ներկայիս տնտեսական իրավիճակով կարող է մեծ օգուտ բերել ԵՄ-ին»:
Ռոմպեյն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան 2004 թվականից չի հրավիրվում ԵՄ-ի գագաթաժողովներին՝ ընդգծելով, որ իրենք պետք է փոխեն այդ վերաբերմունքը, որը 2004 թվականից դրսևորվում է Թուրքիայի հանդեպ: Ռոմպեյը հավելել է, որ մոտ ժամանակներս Էրդողանը կմեկնի Բրյուսել: