Պաշտոնական. Գազն ու էլեկտրաէներգիան կթանկանան
Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձառքբերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար, որը տարածաշրջանում կշարունակի մնալ ամենացածրը:
Ըստ «Ա1+»-ի՝ Աժ նիստերի դահլիճում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկմանը
Ըստ նրա՝ բանակցությունները դեռ շարունակվում են մեր պետության կողմից արդեն իսկ հայտարարված 30 տոկոս փոխհատուցման մասով, որի արդյունքում գազի գինը 270 դոլարից կիջնի 189 դոլար:
Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցում կլինի եւ նրանց համար գազի գինը կմնա նույնը:
Նախարարը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր Իրան-Հայաստան գազատարը փոքր տրամաչափ ունի այլընտրանքային դառնալու համար: Նա տեղեկացրեց, որ այդ գազատարը բավարարում է երկրի գազասպառման պահանջները, բայց ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ Իրանի գազի վաճառքի գինը ավելի բարձր է:
«ՀայՌուսգազարդը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով մինչեւ 10 հազ. խորանարդ մետր ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խ.մ. գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն:
Ըստ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը եւ սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը, ինչպես նաեւ Հայգռուսգազարդի ներկայացրած կապիտալ ներդրումների եւ այլ ծախսերի հետ կապված հաշվարկների իջեցումը հանձնաժողովի կողմից, որոշվել է մինչեւ 10 հազ. խ.մ. սպառողների համար 1 խ.մ. գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը:
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեցին նաև պատգամավորների հարցերին: