
Ի՞նչ անել բիոզուգարանների հետ. Կառավարությունը մոլորվել է

Պե՞տք էին, թե՞ պետք չէին բիոզուգարանները: Այս հարցն այսօր կառավարության նիստում հնչեցրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հիշեցնենք, որ բիոզուգարանների ծրագիրը հայտնվել էր վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում՝ իր անարդյունավետության պատճառով:
Նախարարը նշեց, որ բիոզուգարաններից մեկը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում, մյուսը՝ Տաթևի վանական համալիրի, վերջինը գործում է, իսկ առաջինը վնասված է և վերանորոգման կարիք ունի: Այդ խնդրով զբաղվում է Արմեն Խաչատրյանի գլխավորած մրցունակության հիմնադրամը: Վ. Ավանեսյանը շեշտեց, որ բիոզուգարաններին հետևելու գործառույթը նախարարության վրա դրված չէ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հանձնարարեց էկոնոմիկայի նախարարությունում քննարկել բիոզուգարանների խնդիրը, քանի որ դա պիլոտային ծրագիր էր, որը կարևորվում էր զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Տ. Սարգսյանի խոսքով՝ բիոզուգարանները պետք է ինքնածախսածածկ լինեին, դրանց հարևանությամբ պետք է տեղադրվեին բանկոմատներ «ռեկլամնի շիթեր»: Վարչապետը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բիոզուգարանները բոլորովին այնքան թանկ չարժեն, որքան խոսվում է՝ 540 հազար դոլար, այլ արտաբյուջետային միջոցներից հատկացվել է ընդամենը 100 մլն դրամ: