Բաժիններ՝

Թուրքիայում հետմոդեռնիստական հեղաշրջման գործով 1309 էջանոց մեղադրական ակտն ուղարկվել է Անկարայի դատարան

CNN Türk ‎հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անկարայի հանրապետական դատախազությունը երեկ ավարտել է 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործով մեղադրականի պատրաստման գործընթացը:

Տվյալ գործով անցնում է 110 մարդ, որոնցից 75-ը գտնվում են կալանքի տակ, իսկ 3-ը՝ արտասահմանում: Պատրաստված 1309 էջանոց մեղադրականն ուղարկվել է Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարան:

Մեղադրականում կասկածյալների ցուցակը գլխավորում է գլխավոր շտաբի նախկին (1994-1998) պետ, գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն, իսկ ահա վարչապետ Թանսու Չիլերը նշվել է որպես հիմնական զոհ:

Հիշեցնենք, որ 1995 թվականին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ակնհայտ իսլամիստ Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած «Ռեֆահ» («Բարօրություն») կուսակցությունը: Դրա արդյունքում Էրբաքանին հաջողվել էր 1996 թվականի հուլիսին գլխավորել կոալիցիոն կառավարությունը, որն անմիջապես աչքի էր ընկել իր իսլամական քայլերով.

պաշտոնապես կանանց թույլատրվեց պետական և ուսումնական հաստատություններ հաճախել գլխաշորով, իսլամական ինստիտուտների շրջանավարտների դիպլոմները հավասարեցրեց աշխարհիկ հաստատությունների շրջանավարտների դիպլոմներին, կրճատեց աշխատանքային ժամերը սրբազան ռամադան ամսին և այլն:

Դրանից դժգոհ թուրք զինվորականները, որոնք երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պաշտպաններն են, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարում են Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևում է 9 ժամ: Նիստում զինվորականները կառավարությանն առաջ են քաշում 20 պահանջ, որոնց մեջ էին, մասնավորապես, մուսուլմանական նորամուծություններից հրաժարումը, պայքարը իսլամական ֆունդամենտալիզմի դեմ, Էրբաքանի կողմից պետության զուտ աշխարհիկ բնույթի ընդունումը և այլն:

Արդեն հունիսի վերջին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, իսկ 1998 թվականի հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ռեֆահ» կուսակցությունը ցրելու մասին: «Ռեֆահի» առաջնորդներից Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել ցույցի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս