Բաժիններ՝

Երևանյան «հանելուկ». տներն էժանանում են, վարձերը՝ թանկանում

Այն, որ Հայաստանում և մասնավորապես Երևանում անշարժ գույքի գներն անկում են ապրում, առքուվաճառքի շուկան էլ պասիվացել է, գաղտնիք չէ։ Սակայն մյուս կողմից՝ աճում են վարձակալության գները, հատկապես՝ մայրաքաղաքում։ Ոմանք սա համարում են զարմանալի երևույթ։ Սակայն ոչ մի զարմանալի բան չկա. ամեն ինչ շատ օրինաչափ է։

Ճիշտ է, Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ Երևանում անշարժ գույքի գները ոչ միայն չեն նվազել, այլև աճել են։ Սակայն դա իրականությունից հեռու է, քանի որ կադաստրը գինը ներկայացնում է դրամով, իսկ անշարժ գույքի գին որոշելիս՝ մարդիկ որպես հիմք վերցնում են արտարժույթը, և դրանից հետո միայն այն վերածում են դրամի: Մի առիթով արդեն գրել ենք, որ նույն Կադաստրի տվյալները հիմք ընդունելու դեպքում՝ ստացվում է, որ նախորդ տարվա վերջին Երևանում բնակարանի 1քմ-ի գինը 641 դոլար էր, իսկ այս տարվա մարտին՝ 642 դոլար։ Այսինքն՝ անշարժ գույքի գինը Երևանում փոփոխություն չի կրել։
Մինչդեռ անշարժ գույքի միջնորդները՝ բրոքերները, հակառակն են պնդում՝ գները նվազել են։ Որովհետև պահանջարկը կտրուկ անկում է ապրել։
Իսկ շուկայի պասիվացման, բացասական միտումների մասին նույնիսկ պաշտոնական թվերն են խոսում։ Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 2013 թվականի առաջին եռամսյակում Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 7.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Բնակելի տների դեպքում նվազումն ավելի զգալի է։ Այսինքն՝ Երևանում անշարժ գույքի շուկան՝ առքուվաճառքի առումով, լճացած վիճակում է։
Սակայն վարձակալության մասով՝ ունենք հակառակ պատկերը։ Վարձակալության գործարքներն աճում են, վճարները՝ նույնպես։
Անգամ պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում վարձակալության գործարքներն աճել են 7%-ով։
Բրոքերները մասնավոր զրույցներում նույնպես հաստատում են, որ վարձով տների նկատմամբ պահանջարկն աճել է, իսկ գինը՝ 1 տարվա կտրվածքով, թանկացել 15-20%-ով։
Այս երևույթն ունի երկու պատճառ։
Առաջին՝  սա անմիջականորեն կապված է բնակչության գնողունակության հետ։ Հատկապես՝ երիտասարդ բնակչության։ Նրանց մեծամասնությունը հնարավորություն չունի բնակարան ձեռք բերել անգամ հիպոթեքային վարկի միջոցով։ Միևնույն ժամանակ՝ երիտասարդ ընտանիքներն այսօր առավել հակված են առանձին ապրել, քան տարիներ առաջ։ Արդյունքում՝ երիտասարդ ընտանիքները որոշում են տուն վարձակալել՝ մեծացնելով պահանջարկը։ Ընդ որում, վարձակալության գինը կարող էր շատ ավելի բարձր լինել, սակայն դա տեղի չի ունենում, որովհետև առաջարկը նույնպես աճում է։ Մասնավորապես, Հայաստանից արտագաղթող մարդկանցից շատերը չեն ցանկանում կամ չեն կարողանում վաճառել իրենց բնակարանները և վարձակալության են հանձնում։ Նշենք նաև՝ առաջարկը մեծանում է, քանի որ արտագաղթողների թիվն է արագ աճում։ Սակայն վարձակալության գները չեն իջնում, որովհետև կա ևս մեկ գործոն՝ սիրիահայերի գործոնը։ Դա էլ երկրորդ պատճառն է։

Գաղտնիք չէ, որ Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով մեծ թվով սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան և շարունակում են գալ։
Նախորդ տարվա՝ 2012 թվականի ընթացքում Հայաստան են ժամանել մոտ 12 000 սիրիահայեր։ Նրանցից մոտ 5000-ն այնուհետև մեկնել են Հայաստանից (մեծ մասը վերադարձել է Սիրիա)։ Այս տվյալները մեզ հետ զրույցում փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը։
Նրա խոսքերով՝ ընթացիկ տարվա առաջին ամիսներին օդային ճանապարհով Սիրիայից Հայաստան ժամանողների թիվը որոշակիորեն նվազել է, սակայն ցամաքային ճանապարհով հոսքը շարունակվում է։ Ֆիրդուս Զաքարյանի տվյալներով՝ տարվա ընթացքում ժամանած սիրիահայերի թիվը շուրջ 7000 է։
Եթե ընդհանրացնենք, ապա կարելի է ասել, որ նախորդ տարվա սկզբից Հայաստանում հաստատվել են (թեկուզ՝ ժամանակավորապես) ավելի քան 10 000 սիրիահայեր։ Բնականաբար, այս մարդիկ պետք է մի տեղ ապրեն։ Եվ քանի որ ոչ բոլորը Հայաստանում բարեկամներ ունեն, նրանց մեծ մասը տուն է վարձակալում։ Այսինքն՝ սիրիահայերի շնորհիվ՝ վարձով տրվող բնակարանների նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ Արդյունքում՝ աճել է նաև վարձակալության գինը։
Այս դեպքում կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ բնակարանների առքուվաճառքը չի ավելացել։ Չէ՞ որ 10 հազար սիրիահայերի մի մասը կարող էր պահանջարկ ներկայացնել անշարժ գույքի նկատմամբ։
Բանն այն է, որ սիրիահայերը չեն ցանկանում Հայաստանում անշարժ գույք գնել։ Ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ, ինչպես նշեց Ֆ.Զաքարյանը, նրանց հայացքներն ուղղված են դեպի Սիրիա։ Մարդիկ ցանկանում են վերադառնալ և դեռ անորոշության մեջ են։ Սպասում են, թե Սիրիայում վիճակը երբ կկարգավորվի։ Ընդ որում, եթե Սիրիայում լարվածությունը երկար շարունակվի, դա չի նշանակում, որ սիրիահայերը կհիմնավորվեն Հայաստանում։ Նրանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի մշտական բնակության այլ երկիր։
Այսինքն՝ Հայաստանը դիտարկվում է՝ որպես ժամանակավոր բնակության վայր կամ »«տրանզիտային» երկիր։ Ու դա զարմանալի չէ, քանի որ անգամ Հայաստանում ծնված-մեծացած մարդկանց համար է Հայաստանը դարձել ժամանակավոր իջևան՝ վատ պայմաններով։ Որտեղից ցանկանում են դուրս գալ «կենվորների» 40%-ը (իսկ հիմա, թերևս, ավելի շատ մարդիկ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս