Բաժիններ՝

Կարեն Վարդանյան. Երկու տարի հետո տեխնոլոգիական ոլորտում լուրջ արդյունքներ կունենանք

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթված և որակյալ կադրերի խնդիրը գնալով ավելի ու ավելի է սրվում: Խնդիր նկատելի է դեռևս 2007-2008 թվականներից, սակայն այն գնալով ավելի հրատապ է դառնում: Այս խնդիրը, ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ դարձել է ՏՏ ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը: Այսօր տեխնոլոգիական շատ ընկերություններ Հայաստանում չեն կարողանում գտնել անհրաժեշտ քանակի որակյալ կադրեր, իսկ արդյունքում ընկերությունները ստիպված են աշխատանքի վերցնել քիչ, թե շատ գոնե փոքր-ինչ գիտելիքներ ունեցող մասնագետների: Այս մասին «Տեխնելոգիական ոլորտի ներկայիս զարգացումները» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ այսօր ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այս խնդիրը, թե տակտիկական (այսինքն՝ ընկերության առօրյա խնդիրների լուծմանը), և թե ստրատեգիական զարգացմանն է խոչընդոտում: Մենք ոլորտում ունենք բավականին համբավ ունեցող մենեջերներ, որոնք ցանկանում են Հայաստան բերել, օրինակ, տարբեր տեխնոլոգիական հսկա ընկերությունների ստորաբաժանումներ, որոնք սակայն, որպես կանոն, օրինակ, 200-300 մասնագետ են ցանկանում Հայաստանում տեսնել, իսկ մերոնք ինչպե՞ս կարող են այդ քանակն ապահովել, երբ անգամ 3-5 որակյալ մասնագետի չեն կարողանում գտնել իրենց համար»,- ասաց Կ. Վարդանյանը՝ նշելով, որ այդ թափուր հաստիքների մասին կարող են վկայել բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ: Ըստ Կ. Վարդանյանի՝ ընդհանուր առմամբ Հայաստանում տարեկան 2000-2500 բարձր վարձատրվող աշխատատեղ այդպես էլ չի ստեղծվում:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը գնալով ավելի ու ավելի է ահագնանում, մենք այս վերջին 3-4 տարիների ընթացքում փորձեցինք կրթական ոլորտում ջանքեր գործադրել, որոշակի ծրագրեր, իհարկե, արդեն կյանքի են կոչվել, օրինակ, Microsoft ինովացիոն կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLAB) ծրագիրը, սակայն այդ ամենը կրկին ստրատեգիական փոփոխություն չէր: Ստրատեգիական փոփոխությունը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ Կառավարության հետ համատեղ սկիզբ դրվեց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL ծրագիր՝ Armenian National Engineering Laboratories)ծրագրի մեկնարկին»,- ասաց Կ. Վարդանյանը:
Նշենք, որ ծրագրի արդյունքում՝ ՀՊՃՀ մասնաշենքում կգործեն 34 ուսումնահետազոտական լաբորատորիաներ, որոնք սկզբունքորեն կփակեն ճարտարագիտական ժամանակակից մասնագիտությունների ծրագրերով նախատեսված լաբորատոր կազմի խնդիրները: Այդ լաբորատորիաները կտեղակայվեն ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի խոսքով՝ այդ լաբորատորիաները կծածկեն Պոլիտեխնիկի մասնագիտական տարբեր ուղղությունները, այդ թվում՝ էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա և այլն: Ըստ էության, այդ ազգային լաբորատորիան կպատրաստի տարեկան մոտ 1500-2000 ինժեների և, ըստ Կ. Վարդանյանի՝ լուրջ փոփոխությունների կբերի բարձր տեխնոլոգիական ոլորտի ինժեներական հատվածում:
Ինչ վերաբերում է ծրագրավորմանն ու ցանցային անվտանգությունը, ապա նշյալ լաբորատորիաները նման մասնագետների չեն պատրաստի, սակայն, բանախոսի խոսքով, այդ բացը լրացնելու համար այժմ տեխնոլոգիական ընկերությունների ջանքերով նպատակ կա ստեղծելու նաև նույն ANEL ծրագրի օրինակով երկրորդ ծրագիրը:

Կարդացեք նաև

«Մի շարք տեխնոլոգիական ընկերություններ այժմ ներդրումներ են անում և նախագծում են երկրորդ նմանատիպ ծրագիրը: Ներկայում մասնավոր հատվածը այդ ծրագրի համար արդեն իսկ 2 մլն դոլար է ներդրել, ընդհանուր առմամբ դա կլինի մոտ 6 մլն դոլար արժողությամբ ծրագիր, որը, հուսով ենք, կկարողանանք հավաքել տարբեր աղբյուրների օգնությամբ»,- ասաց Կ. Վարդանյանը՝ նշելով, որ այդ ծրագիրը նույնպես 2 տարի հետո կապահովվի ևս մոտ 1500 բարձր որակավորում ունեցող ծրագրավորողների և ցանցային ադմինիստրատորների: Այսինքն՝ 2 տարի հետո, ըստ Կ. Վարդանյանի՝ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում լուրջ արդյունքներ կունենա:
Նշենք, որ այսօր ՏՀՏ ոլորտում աշխատում է 12.000 մասնագետ, որից 10.000-ը՝ ինժեներ: Ընդ որում՝ մասնավոր և պետական համալսարաններում այս մասնագիտություններով ավարտում են մոտ 1400 հոգի, որոնցից, ըստ Կ. Վարդանյանի՝ որակյալ են ընդամենը 10-15%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս