Բաժիններ՝

«Նպատակն այն է, որ Սևանա լճի մակարդակը չբարձրանա»

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն հրապարակել է որոշման նախագիծ, համաձայն որի՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2013-ի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խորանարդ մետր: 168.am-ը Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է որոշումն ազդել լճի վրա:

«Ընդհանրապես այժմ Հայաստանի իշխանությունները՝ նախագահը, վարչապետը, ծրագիր ունեն Սևանա լճի մակարդակը չբարձրացնելու: Այդքանը: Այդ ամբողջը հարմարեցվում է իրենց ճաշակին, իրենց նպատակներին: Ջրամբարների լցված լինել չլինելը, ամեն ինչը՝ բոլորը, ես իրենց կողմից կառավարելի, հատուկ սարքած գործ եմ համարում: Ամբողջ նպատակն այն է, որ Սևանա լճի մակարդակը չբարձրանա»,- ասաց Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ իշխանությունները լճի մակարդակի բարձրացման ցանկություն չունեն այն պատճառով, որ այդ դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներդնելու անհրաժեշտություն է առաջանալու:

«Այդ դեպքում պետք է ամբողջովին, հիմնահատակ քանդվեն կապիտալ կառույցները, որոնք ազգային պարկում են՝ Սևանա լճի ափին: Իսկ այդ շենքերը հիմնականում մեծահարուստներինն են, որոնք ունեն նաև իշխանություն կամ իշխանական լծակներ: Հիմնական պատճառը սա է»:

Հակոբ Սանասարյանը նշեց նաև, որ որոշ դեպքերում ներկայացվում է ջրառի մի չափաքանակ, սակայն իրականում բաց է թողնվում ավելի շատ ջուր: «Նաև վերցվում է ավելի շատ, քան ասվում է: Հետո այդ 170 մլն խորանարդ մետրից տեսեք՝ ինչքա՞ն էլեկրաէներգիա են ստանում: Այդ էլեկտրաէներգիան չգիտեմ՝ որքանո՞վ է գրանցվում, ի՞նչ է արվում, ո՞ւմ գրպանն են գնում վերջապես այդ գումարները»:

Կարդացեք նաև

Հ. Սանասարյանը մտահոգություն հայտնեց, որ ջուրը կարող է օգտագործվել ոչ ոռոգման նպատակով. «Ջուրը կվերցնեն, կստանան էլեկտրաէներգիա և կուղարկեն Կասպից ծով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս