«Եթե այն օրը զոհված երիտասարդի դին հասցնեին քաղաք…» (տեսանյութ)

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում` խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, նշեց, որ ելքերից մեկը Սերժ Սարգսյանի պարտադրանքն է երկրի հարստությունը «լափողներին»` հատուցելու Հայաստանի արտաքին պարտքը: Եթե դա տեղի չունեցավ, Աշոտ Մանուչարյանի կարծիքով` քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքական համակարգի մյուս մասնակիցները պետք է հրավիրեն Հայաստանի քաղաքացիների ժողով` պարտադրելով իշխանությանը հասնելու այդ լուծմանը և այդպիսով Հայաստանն ազատելով դրսի կախումից:

Համաժողովրդական շարժումների կազմակերպման մեծ փորձ ունեցող Ա.Մանուչարյանը Հայաստանի քաղաքացիների ժողովի հրավիրումը կարևորում է ևս մի պատճառով` նշելով, որ այն կօգնի խուսափելու Հայաստանում անկանոն և անկառավարելի ընդվզումներից, ինչի վտանգն այսօր առկա է:

«Այն ժողովը, որի մասին նշեցի, լուծում է բոլոր հարցերը, որովհետև այս պատկերը, որն այժմ ունենք, ունի լրջագույն վտանգ մեր երկրի համար. այդ ընդվզումը, որը ցանկացած կողմ ուզում է օգտագործել, կարող է շատ հեշտությամբ նաև հրահրվել, եթե մենք դրան տեր չենք, ուրեմն ցակացած կողմ կարող է դրան տեր դառնալ: Եվ երկրորդ մեծագույն վտանգը. ինչ-որ հեքիաթ կա, թե հայերը ոտքի չեն կանգնում սոցիալական հարցերի համար, դա բացարձակ հեքիաթ է: Հայերը շատ լավ ընդվզում են այդ հարցերով` մանավանդ հիմա սոցիալականը սրված է` առկա բարոյահոգեբանական հսկայական ֆոնով: Հետևաբար, կարծում եմ` երկրորդ խոշորագույն վտանգը բունտն է Հանրապետությունում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

«Այդ ժամանակ այդ բունտն անվերահսկելի է բոլորի համար` իշխանություն, ընդդիմություն, օտար ուժեր: Դա արդեն այն քաոսի վիճակն է, որը մենք տեսնում ենք Լիբիայում և տարբեր երկրներում: Եթե ընդհանրական բունտ լինի, դրան տեր, ծառա չկա, դա սրբելու և տանելու է ամեն ինչ: Իր մեջ ունի դրական կողմ, որ նոր կյանք է սկսվելու, բայց լինելու են հսկայական կորուստներ, և անհասկանալի է` ինչ ենք մենք կորցնելու»,- ընգծեց նա:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե նման ապստամբությունն ինչո՞վ կտարբերվի ղարաբաղյան շարժումից, Մանուչարյանը պատասխանեց, որ ղարաբաղյան շարժումն ուներ կառավարող օղակ, քանի որ շարժման առաջին օրից 500 մտավորականներ կանգնեցին հարթակում, հետո ձևավորվեցին «Ղարաբաղ» կոմիտեները:

«Խնդիրը դա չէ, կառավարելիությունը միշտ կար: Եթե հիմա ասեք, որ կլինի, օրինակ, Սարդարապատի կառավարելիությունը, խնդիր չկա, թող լինի բունտ, հոյակապ է, բայց չի լինելու ոչ ոքի կառավարելիությունը: Այժմ այնպիսի իրավիճակ է, որ տարածված մի լուրը կարող է բերել բռնկման: Եթե այն օրը զոհված երիտասարդի (զինվորի,-Ա.Ս.) դին  հասցնեին քաղաք, ապա շատ հավանական է, որ այդ բունտի սկիզբը լիներ: Հայաստանն այդ վիճակում է, հիմա իշխանավորն ի վիճակի չէ որևէ բան անել: Ուրեմն պետք է, որ երկրի ղեկավարը բռունցքը խփի և այդ հարցերը լուծի, և որևէ խնդիր չենք ունենա լուծելու: Ես չեմ խոսում որևէ մեկից հարստությունը խլելու մասին, բայց եթե դա չեղավ, արդեն պետք է դիտարկել բոլոր տարբերակները` քաղաքացիների ժողովում»,- ավելացրեց Ա.Մանուչարյանը:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում:

Աշոտ Մանուչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս