Գերմանիան կողմ է «Հզբոլլահի» ռազմական թևը ԵՄ-ի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան աջակցում է «Հզբոլլահ» խմբավորման ռազմական թևը ԵՄ-ի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Այս հայտարարությունն արվել է ԵՄ-ի գծով գործընկերների հետ քննարկումներից հետո՝ կապված նախորդ տարվա հուլիսի 18-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքի օդանավակայանում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետ, որի հետևանքով զոհվել էր 5 իսրայելցի և բուլղարացի մեկ վարորդ:
Սոֆիան այդ ահաբեկչության մեջ մեղադրել էր «Հզբոլլահին»: Այն ժամանակ Գերմանիան դեմ էր արտահայտվել այդ խմավորումը ԵՄ-ի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն՝ մտավախություն ունենալով, որ դա կապակայունացնի Լիբանանում տիրող իրավիճակը:
Այժմ Գերմանիայի դիրքորոշումը փոխվել է տվյալ հարցում, ինչը կապված է «Հզբոլլահի» գործունեության մասին նոր տվյալների ստացման հետ, որոնց տրամադրել են Կիպրոսի իշխանությունները:
ԵՄ-ի խորհուրդը կարող է իր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում «Հզբոլլահին» ընդգրկել արդեն մայիսի 27-ին՝ ընկերակցության արտգործնախարարների պլանային հանդիպման ժամանակ: