Տիգրան Սարգսյան. Ես այդ մարդու հետ բիզնես չունեմ ու չեմ էլ ունենալու

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիալ Սարգսյանը քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե ինչո՞ւ է վերջինս միջամտում ՍԴՀԿ պառակտմանը՝ նշելով, թե Տիգրան Սարգսյանը «բիզնես կապեր ունի Սեդրակ Աճեմյանի հետ»:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, թե իրենք մեծ ցավ են ապրում, երբ տեսնում են, որ Հայաստանի ավանդական կուսակցություններում կան խնդիրներ` դա կլինի ռամկավարական կուսակցությա՞ն, թե՞ ՍԴՀԿ ներսում: Տ. Սարգսյանը նշեց, որ իրենց քաղաքական դիրքորոշումը հետևյալն է` ավանդական կուսակցությունները ազգային արժեք են, տարիներ շարունակ ազգանպաստ գործունեություն են ծավալել ու շեշտեց, որ իրենք ևս շահագրգռված են, որ ավանդական քաղաքական ուժերը լինեն ուժեղ: «Ցավում եմ, որ ձեր ներսում խնդիրներ են առաջացել ու դուք քաղաքականացնում եք այս հարցը` ներքաշելով նաև մեզ: Մենք չենք խառնվել ու չենք խառնվելու, չենք միջամտել ու չենք միջամտելու: Չկան անձնական հարաբերություններ պարոն Աճեմյանի հետ: Ես չեմ հասկանում ձեր մտադրությունն անընդհատ վարկաբեկել մեզ: Մենք այնքան մեղքեր ունենք… դրանցից խոսեք, բայց չեղած բանը մեզ վրա ինչո՞ւ եք բարդում… ես այդ մարդու հետ բիզնես չունեմ ու չեմ էլ ունենալու»,- ասաց նա` կոչ անելով անհիմն մեղադրանքներ չներկայացնել իրենց:

Լյուդմիլա Սարգսյանն էլ հակադարձեց, թե իր մեղադրանքներն անհիմն չեն: ՀԱԿ պատգամավորի խոսքով` շուրջ 4 տարի է՝ Տիգրան Սարգսյանն աջակցում է ՍԴՀԿ պառակտմանը. «Ես պաշտոնապես մեղադրում եմ Ձեզ դատական համակարգի ոչնչացման մեջ, որ դատարանը հնարավորություն չունենա արդար որոշում կայացնել: Պաշտոնապես մեղադրանք եմ առաջադրում` որ քաղաքական կուսակցությունների ներքին կյանքին ենք խառնվում»,- հայտարարեց Լ. Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց ՀԱԿ պատգամավորի մեղադրաների հետ ու կրկին նշեց, թե դրանք անհիմն են: «Ես ազնիվ ու անկեղծ ձևով հայտարարում եմ, որ ՀՀ կառավարությունը չի միջամտել ու չի միջամտելու ներկուսակցական խնդիրներին: Հայտարարում եմ, որ մենք շահագրգռված ենք, որ ավանդական կուսակցություննները ուժեղ լինեն: Ես չեմ կարող միջամտել և որևէ դատական ատյանի հանձնարարեմ կամ արգելեմ որոշում ընդունել: Քննությունը պետք է օբյեկտիվ ու արդարացի լինի: Մնացածը հերյուրանք է ու հասկանալի չէ` ի՞նչ նպատակ եք հետապնդում»,- հավելեց վարչապետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս