Վահան Հովհաննիսյանը՝ կառավարության անդամներին. Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք
«Մի վախեցեք էդքան, լավ»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը հաջորդած իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Անդրադառնալով նախորդած օրերի ԱԺ նիստերին` Վահան Հովհաննիսյանն ասաց, թե ինքը «ցնցված է», որովհետև այս օրերի ընթացքում ԱԺ ամբիոնից «ի՞նչ ասես չլսեցինք, անգամ կրկեսային հնարքներ»:
Միաժամանակ ՀՅԴ պատգամավորն ասաց, թե լուրջ առաջընթաց խորհրդարանում տեսնում է. «Նախկինում ասում էիք` տղերք, մենք լավն ենք: Հետո ասում էիք` տղերք մենք լավն ենք, դուք վատն եք: Հիմա էլ ասում եք` տղերք, մենք լավն ենք, դուք վատն ենք, բայց եկեք համագործակցենք»:
Վահան Հովհաննիսյանի խոսքով, պատահական չէ գործադիր իշխանության մեջ այս զարգացումը, քանի որ, ըստ նրա՝ նրանք չեն կարող տեսնել այն, ինչ տեսնում են իրենք` ծայրահեղագույն վիճակ: «Եթե ուզում ենք համագործակցել, պետք է անկեղծ լինենք, բայց շատերը կանգնում են այստեղ ու հայտարարում, թե քաղաքական գնահատականը ժողովուրդը տվել է` վստահություն քվե եք ստացել: Այդ դեպքում ինչո՞ւ եք ուզում համագործակցել, դուք ամենախելոքն եք, չէ՞: Հըն` Գրիգորի՞չ, տենց ա՞, չէ՞: Բայց դուք հասկանում եք, որ իրականությունը դա չէ, դրանով են տարբերվում մեր ելույթները ձեր ելույթներից, գուցե երբեմն մեր ելույթները ջղային են, բայց ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են: Ուզում եմ հարց տալ` եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ:
Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարևան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դո’ւք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք, ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք: Դուք սիստեմ եք ստեղծել, որի միջոցով անընդհատ ասում եք, որ ժողովրդի կողմից քաղաքական գնահատական եք ստացել, բայց մի՞թե չեք տեսնում` ի՞նչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնո՞ւմ եք, չէ՞»:
Վահան Հովհաննիսյանը շեշտեց նաև, որ պետք չէ չարախնդալ, որովհետև դա անջրպետ է առաջացնում: Փոխադարձ անվստահությունն էլ, ըստ պատգամավորի, այնքան է խորացել, որ համագործակցության անկեղծ հրավերն էլ չի ընդունվում: