Պենտագոնը Գուանտանամոյի բանտի համար պահանջել է ավելի քան 450 միլիոն դոլար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը խնդրել է ավելի քան 450 միլիոն դոլար՝ սկանդալային Գուանտանամո բանտի (Կուբա) պահպանման ու բարեկարգման համար:
Խոսքը գնում է հոկտեմբերի 1-ին մեկնարկող հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի մասին: Դրանում 79 միլիոն դոլար է պահանջվում բանտարկյալներին պահելու ծախսերը հոգալու համար:
Պենտագոնը մտադիր է բանտի տարածքում կառուցել նոր շինություններ, ինչի վրա կծախսվի 200 միլիոն դոլար: Բացի այդ, Պենտագոնը մտադիր է 40 միլիոն դոլար ծախսել բանտում օպտիկամանրաթելային մալուխի անցկացման և մոտ 99 միլիոն դոլար ծախսել բանտի տեխնիկական սպասարկման վրա:
Ինչպես ընդգծում են տեղի դիտորդները, զինվորականների այս հայտը հակասում է Գուանտանամոյի բազայի բանտը փակելու Օբամայի վարչակազմի մտադրությանը:
Հիշեցնենք, որ Գուանտանամոյի բանտը գործում է 2002 թվականից: Այստեղ պահվում են ռազմական հանցագործություններում ու ահաբեկչական գործողություններում մեղադրվողները:
Իրավապաշտպանները քանիցս հայտարարել են Գուանտանամոյի բանտում մարդու իրավունքների խախտման մասին, ինչը մասնավորապես վերաբերում է բանտարկյալններին կտտանքների ենթարկելուն:
Բարաք Օբաման կարծում է, որ Գուանտանամոյի բանտն արդյունավետ չէ, համաշխարհային արենայում վնասում է ԱՄՆ-ի իմիջին և չափազանց թանկարժեք է սպասարկման համար, ինչի համար էլ անհրաժեշտ է փակել այն: