Գյուղացիները պատրաստ են կրկին փակել Երևան-Արմավիր մայրուղին (տեսանյութ)
Երեկ 168.am-ի նկարահանող խումբն այցելել էր Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղ, որի բնակիչներն օրեր առաջ փակել էին Երևան-Արմավիր մայրուղին:
Շրջանառվող լուրերը, թե մայրուղու վրա տեղի ունեցած բանակցությունները փոքր-ինչ մեղմել են գյուղացիների դժգոհությունները՝ իրականությանը չեն համապատասխանում: Նրանք թերահավատորեն են վերաբերվում ՀՀ կառավարության ներկայացուցիչների կողմից տրված խոստումներին, թե կփոխհատուցեն կարկտահարությունից կրած վնասները, սակայն սպասում են վաղը կայանալիք կառավարության նիստին, որի ժամանակ համապատասխան որոշում պետք է կայացվի:
Ալաշկերտցիների խոսքով` վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն իսկ բազմաթիվ գյուղացիներ հասցրել են արտագաղթել, շատերն էլ պատրաստվում են առաջիկա օրերին լքել գյուղը:
Գյուղի բնակիչները դժգոհում էին նաև իրենց պատգամավորից: «Մենք ընտրել ենք դեպուտատ, բայց դեպուտատի երես չենք տեսել: Ո՞ւր ա դեպուտատը: 100 տոկոս գյուղն ավերվել ա, ո՞վ ա պատասխան տալու: Ընտրություններից հետո դեպուտատ չենք տեսել»,- նշեց գյուղացիներից մեկը:
Այս պահին գյուղում բոլորն անհամբեր սպասում են հինգշաբթի օրվան: Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում