Էդուարդ Շարմազանով. Ընդդիմության քննադատությունը, եթե առաջարկներ չի պարունակում, գրոշ չարժե
«Մենք չենք վախենում առողջ քննադատությունից, մենք չենք վախենում սուր քննադատությունից: Մենք պատրաստ ենք լսել, և Տիգրան Սարգսյանի կառավարությունը տարբերվում է նաև նրանով, որ ունի լսելու ունակություն, քաղաքական մեծամասնությունը տարբերվում է նրանով, որ կարող է գնալ երկխոսության ու հետևություն անել իր սեփական սխալներից»,- Ազգային ժողովի մայիսի 22-ի նիստում, կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս կառավարության ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատությունն ու հրապարակային աշխատանքն է:
Ըստ ԱԺ փոխնախագահի, խորհրդարանի ամբիոնից նախորդ երկու օրերին հնչեցին բազամթիվ ու բազմաժանր ելույթներ. «Լսեցինք առողջ քննադատություն, քաղաքական շուլուխներ ընդդիմության գործիչների կողմից, լսեցինք քննադատություն, որ որևէ կապ չուներ մեր իրականության հետ, լսեցինք ելույթներ, որոնք լցված էին միայն չարությամբ»:
Նաև հավելել է, որ յուրաքանչյուր երկրում էլ ընդդիմությունը քննադատում է կառավարությանն ու նրա ծրագիրը, սակայն ընդդիմությունը պետք է կարողանա առաջարկել իր՝ այլընտրանքային ծրագիրը, ինչը չարվեց. «Ո՞ւր է քո ծրագիրը, եթե քո քննադատությունն այլընտրանքներ և առաջարկներ չի պարունակում, ապա այդ քննադատությունը, կներեք, հարգելի գործընկեր, գրոշ չարժե»:
Արդարության առջև չմեղանչելով` ԱԺ փոխնախագահը հարկ համարեց ընդունել, որ այս կառավարությունն ունեցել է բազմաթիվ սխալներ, բազմաթիվ բացթողումներ, բայց կառավարությունը «ֆինանսատնտեսական ճգնաժամը իր հոր տնից չի բերել»: Ըստ նրա, կառավարությանը հաջողվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին աղետի գոտում հազարավոր մեր հայրենակիցներին ապահովել նոր բնակարաններով, չկրճատել որևէ սոցիալական ծրագիր, տարբեր մարզերում բազմաթիվ առողջապահական ու կրթական նոր հիմնարկներ կառուցել, ճիշտ է չնչին, բայց ավելացնել թոշակները՝ ի տարբերություն մի շարք եվրոպական երկրների, որտեղ կրճատում տեղի ունեցավ: