ԱՄՆ սենատի հանձնաժողովը հաստատել է ապօրինի ներգաղթյալներին քաղաքացիություն տալ նախատեսող օրինագիծը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի իրավական հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել երկրի տարածքում ապօրինի բնակվող վտարանդիների մասին օրինագիծը:
Փաստաթղթին կողմ է արտահայտվել 30 կոնգրեսական, իսկ դեմ՝ 5-ը: Ակնկալվում է, որ այդ օրինագիծը Սենատի լիագումար նիստում քննարկվելու է հունիսին: Ներկայացուցիչների պալատը դեռ չի պատրաստել վտարանդիության մասին օրենքի իր տարբերակը:
Հունվարի վերջին հանրապետական ու դեմոկրատ սենատորների ներկայացրած օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Այն հնարավորություն է տալիս օրինականացնել ԱՄՆ-ում ներգաղթյալների բնակվելը:
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ ներկա դրությամբ երկրում ապօրինի ներգաղթյալների քանակը կազմում է մոտ 11.5 միլիոն մարդ: Օրինագծով նախատեսվում է նրանց տալ քաղաքացի դառնալու հնարավորություն, ինչը պետք է տեղի ունենա տուգանքի և հարկային պարտավորությունների վճարումից հետո:
Դրա հետ մեկտեղ օրինագիծը ենթադրում է մի շարք միջոցների ձեռնարկում՝ հետագայում ապօրինի ներգաղթյալների հոսքը, ինչպես նաև նրանց աշխատանքի տեղավորելը նվազեցնելու ուղղությամբ:
2012 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Բարաք Օբաման իր նախընտրական կամպանիայի ժամանակ խոստացել էր բարեփոխումներ իրականացնել միգրացիոն օրենսդրության ոլորտում: Եթե վերոնշյալ օրինագիծը հաստատվի, ապա այն կդառնա առաջին էական միգրացիոն օրենքը՝ 1986 թվականից ի վեր: