ԱՄՆ սենատի հանձնաժողովը թույլատրել է սիրիացի ապստամբներին զենք մատակարարելը
Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի միջազգային հարցերով հանձնաժողովը երեկ թույլատրել է զենք մատակարարել սիրիացի ապստամբներին: Տվյալ օրինագծի օգտին քվեարկել է հանձնաժողովի 15 անդամ, որոնց թվում կան և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ:
3 սենատոր դեմ է արտահայտվել օրինագծին: Հետագայում օրինագիծն ուղարվելու է Սենատի ու Ներկայացուցիչների պալատի դիտարկմանը: Օրինագծի նախաձեռնողներն են տվյալ հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզն ու հանրապետական սենատոր Բոբ Քորքերը:
Փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլատրում է զենք մատակարարել Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի այլ հառակորդների, որոնք «ԱՄՆ-ի հետ կիսում ընդհանուր արժեքներն ու շահերը»:
The Washington Times-ի տվյալներով՝ զենքի ենթադրյալ ստացողները չպետք է հակված լինեն ահաբեկչական ու ծայրահեղական գաղափարախոսությանը: Թեև փաստաթղթում խոսք չի գնում թույլատրման ենթակա զինատեսակների մասին՝ այնուամենայնիվ, նրանում ընդգծված է, որ հիմնականում մատակարարվելու է հրաձգային զենք:
Բացի այդ, փաստաթղթում առկա է կետ, որով արգելվում է Սիրիայի տարածք հակաօդային պաշտպանության միջոցների ուղարկումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական բանակը վերահսկողության տակ է առել Ալ-Քուսեյր քաղաքը, որը համարվում է «ապստամբների մայրաքաղաքը» և առանցքային նշանակություն ունի զինյալներին զենք մատակարարելու հարցում: