Վանո Մերաբիշվիլիի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է խոշոր չափի գումար
Վրացական Pirweli լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել ու առգրավվել է խոշոր չափի գումար, ընդ որում՝ տարբեր արժույթներով:
Բացի այդ, իրավապահները խուզարկություն են իրականացրել Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլիի տանը: Այստեղ նրանք առգրավել են Չիաբերաշվիլիի և նրա դուստրերի համակարգիչները, ինչպես նաև նահանգապետի գիտական աշխատանքները:
Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին ձերբակալվել են երեկ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ միացնել ՄԱՇ-ի նախագահի ու գլխավոր քարտուղարի պաշտոնները:
Նա ընդգծել է, որ չի կարծում, թե Մերաբիշվիլին երկար ժամանակ կմնա վանդակաճաղերից այն կողմ, և որ նա մի քանի օր անց կհայտնվի ազատության մեջ, ինչի համար էլ կարիք չկա նշանակել կուսակցության նոր գլխավոր քարտուղար: