
Իսրայելը սպառնացել է Սիրիային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանական բանակի Գլխավոր շտաբի պետ Բեննի Գանցը երեկ զգուշացրել է Սիրիայի իշխանություններին Գոլանի բարձունքների իրավիճակի ապակայունացման փորձերի ծանր հետևանքների մասին:
Դրան նախորդած գիշերը տվյալ տարածքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել սիրիական ու իսրայելական զորքերի միջև: Ավելի վաղ սիրիացի զինվորականները հայտարարել էին Գոլանի բարձունքներում հրադադարի գիծը հատած իսրայելական ռազմական ավտոմեքենայի ոչնչացման մասին:
Իսրայելցի զինվորականներն իրենց հերթին հայտնել են, որ մեքենան վնասվել է սիրիական կողմից արված կրակոցներից, ինչին ի պատասխան գնդակոծել են Սիրիայի տարածքը: Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ Գանցը հայտարարել է.
«Մենք թույլ չենք տա, որ Գոլանի բարձունքները դառնան հարմար օբյեկտ՝ Ասադի կողմից հարձակում գործելու համար: Եթե Ասադը փորձի ապակայունացնել իրավիճակը Գոլանում, ապա նա պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար»: