Բաժիններ՝

Երբ բովանդակությունն ու իրականությունը բախվում են իրար. Ավագ դպրոցների հիմնախնդիրները

Սկիզբը` թիվ 50-ում

Շարունակենք ներկայացնել այն խնդիրները, որոնք կանգնած են ավագ դպրոցի կայացման ճանապարհին: Թող տպավորություն չստեղծվի, որ այս հոդվածով քարկոծում եմ «ավագ դպրոց» երևույթը կամ սկզբունքորեն չեմ հավատում նրա կայացմանը: Ամենևին: Նաև այն մարդկանցից չեմ, որոնք կատեգորիկ դեմ են որևէ նորամուծության: Իհարկե, աշխարհը զարգանում է, իհարկե, մենք ևս պետք է քայլենք ժամանակին համընթաց, սակայն պետք է հաշվի առնվեն շատ հանգամանքներ, այդ թվում նաև` ազգային առանձնահատկությունը:

Այսօր Արևմուտքում հանգամանորեն ուսումնասիրում են խորհրդային դպրոցի փորձը` որպես կրթության օրինակելի մոդել, վստահ եմ, որ այդ փորձը կներդրվի նրանց կրթական համակարգերում, սակայն չեմ կարծում, որ դա կարվի copy-past սկզբունքով: Իսկ մենք նախ` հիմնովին հրաժարվեցինք խորհրդային դպրոցի լավագույն ավանդույթներից, ապա կուրորեն կրկնօրինակեցինք եվրոպական կրթական համակարգը` առանց ադապտացնելու մեր իրականությանը: Կարծում եմ` ասածիս լավագույն օրինակը 12-ամյա կրթական համակարգի ներդնումն էր: Փորձենք հասկանալ` ո՞րն էր սրա իմաստը կամ դրական կողմը: Ես դպրոցում սովորել եմ 10 տարի, շատերդ` նույնպես, նաև ոլորտի պատասխանատուները: Հարգելինե՛րս, մենք, ի՞նչ է, այսօրվա սերնդից պակա՞ս գրագետ ենք կամ ավելի քի՞չ ենք ինֆորմացված, կամ ի՞նչ են այսօր սովորում հավելյալ 2 ուսումնական տարում, որ մենք չենք սովորել:

Ո՞ւմ է պետք անիմաստ ժամավաճառությունը. որ 18 տարեկանում դպրոցն ավարտող տղա երեխան անմիջապես զինվորական համազգե՞ստ հագնի հենց Վերջին զանգից հետո: Պատճառաբանվում է, որ դպրոցական ծրագիրը խիստ հագեցած է, և սա արվել է, որ մեղմվի ծրագրային լարվածությունը: Հավատացնում եմ, որ ծրագիրն առաջվա պես գերհագեցած է, իսկ 12-րդ դասարանում ուսուցիչը չստացված դասագրքերի հիմնական թեմաների ենթավերնագրերն է պեղում, որ կարողանա մատյան լրացնել:

Կարդացեք նաև

Կհարցնեք` մի՞թե սովորեցնելու ոչինչ չկա: Իհա՛րկե կա: Այսօրվա թեստակազմիչները հոգացել են այն մասին, որ անելու բան միշտ էլ լինի, բայց ոչինչ չես կարող անել 12-րդ դասարանի` այսօր շրջանառության մեջ դրված դասագրքերով: Ունենք հսկայական ժամաքանակ, բայց հրամցված դասագրքերի նյութն առավելագույնը մեկ ամսում անցնելիք նյութ է: Իսկ ի՞նչ անել մնացած ամիսների ընթացքում, առավել ևս, ինչպե՞ս դասամատյանը լրացնել: Իսկ ուսուցիչը պարտավոր է հետևել պետական ծրագրին:

Դիմում եմ համակարգի պատասխանատուներին: Տվե՛ք ավագ դպրոցին ինքնավարություն, ոչ անկախություն, այլ ինքնավարություն, թող դպրոցն ինքն իր առարկայական հանձնախմբերում քննարկի ու տնօրինության հետ մեկտեղ` ընդունի իր 3 տարիների ծրագիրը, ինքը որոշի` ինչ ճանապարհով է ընթանալու ու հասնելու ցանկալի հանգրվանին, արձակե՛ք ավագ դպրոցի ձեռքերը, իսկ վերադաս մարմինը թող իրականացնի խստիվ վերահսկողություն կրթության որակի նկատմամբ, պահանջի, պատժի, եթե ներկայացված ծրագիրը չկատարվի:

Խոսքս ամենաթողության մասին չէ, խոսքս այն մասին է, որ երկարամյա աշխատանքային փորձ ու վաստակ ունեցող ուսուցիչն ավելի լավ գիտի դպրոցի խնդիրները և ավելի շատ է ծանոթ այսօրվա աշակերտի պահանջմունքներին, քան մեկ օր անգամ դպրոցում չաշխատած, բայց կրթական ծրագրեր ներկայացնող պաշտոնյան կամ գիտնականը:
Դասագրքերի որակի մասին այսօր նախընտրում եմ չխոսել, քանզի այդ մասին խոսվել է բազմիցս: Բացի վերը նշվածից, լուրջ հարց է նաև 12-րդ դասարաններում աշակերտական բացակայությունների հարցը: Եթե ընդհանրացնելու լինենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, ապա պետք է փաստենք, որ այսօրվա տասներկուերորդցին չի ուզում գալ դպրոց:

Նա հաճախում է մասնավոր պարապմունքների, և նրան, մեծ հաշվով, դպրոց գալ պետք չէ: Այսօր դպրոցն ամբողջությամբ չի կարող աշակերտին տալ այն, ինչ նա ստանում է մասնավոր պարապմունքների ընթացքում` վերոբերյալ և շատ այլ պատճառներով: Իսկ երբ նրանից պահանջում ես չբացակայել ու հաճախել դպրոց, հակադարձում է, որ միայն դպրոցի տվածով ինքը չի կարող ընդունվել իր ցանկացած բուհը, որովհետև դպրոցական դասագիրքն ու ծրագիրն այլ բան են, ավարտական և միասնական հարցաշարերը` բոլորովին այլ բան:

Այսպես է մտածում նաև ծնողը, և դպրոցը մնում է 2 քարի արանքում: Խստորեն հետևել հաճախելիությանը, նշանակում է` աշակերտ կորցնել (շատերն են նախընտրում «սովորել» պակաս սկզբունքային դպրոցներում, իսկ որ, չնայած նախարարի խստիվ հրահանգներին, այդպիսիք կան, փաստ է), թուլացնել վերահսկողությունն ու աչք փակել, նշանակում է` նահանջել սկզբունքներից:

Ստացվում է, որ իսկապես կրթության որակի բարձրացմանը հետամուտ կրթօջախը տուժում է 2 դեպքում էլ: Նախորդ ուստարում եղած անհեթեթ իրավիճակի տխուր փորձն այս տարի բարեբախտաբար չկրկնվեց, երբ մի կողմից` հայտարարվեց, որ 1-ին կիսամյակի գնահատականները դիտվում են` որպես տարեկան, այսինքն` 2-րդ կիսամյակում աշակերտը չի գնահատվելու, մյուս կողմից էլ` պահանջեցին աշակերտներին դպրոց բերել, սակայն ինչպե՞ս էին դա պատկերացնում, այդպես էլ մութ մնաց:

Այնուամենայնիվ, դպրոցների տնօրինությունն ու ուսուցչական կազմերը գերմարդկային ճիգերի գնով կարողացան կատարել հանձնարարականը: Այս ուստարում տարեկան գնահատականը հաշվարկվում է 2 կիսամյակների ցուցաբերած արդյունքով, բայց դրանից պատկերը քիչ է փոխվում: Այս համակարգի ջատագովներն ասում են, որ 12-ամյա կրթությամբ լուծվում է նաև աշակերտին փողոցից կտրելու խնդիրը: Չեմ կարծում, որ վերջին 3 տարիներին կտրուկ նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, կամ փողոցներում չեն թափառում 16-18 տարեկան աղջիկ-տղաներ:

Բացի այս ամենից, միջին ստատիկ հայ պատանին` իր մտածողությամբ, դավանած արժեքներով ու վարվեցողությամբ, տարբերվում է իրեն հասակակից եվրոպացուց կամ ամերիկացուց, ուրեմն` նաև մոտեցումներն այլ պիտի լինեն: Խնդիրը խորքային լուծում է պահանջում, և ուզում եմ հուսալ, որ լուծումը շատ չի ուշանա:
Շարունակելի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս