Երբ բովանդակությունն ու իրականությունը բախվում են իրար
Ավագ դպրոցների հիմնախնդիրները
Երբ կառավարության որոշման համաձայն` երկրի դպրոցական կրթական համակարգը այսուհետ պիտի տարբերակվեր, ու մեր իրականության մեջ պիտի լինեին հիմնական և ավագ դպրոցներ, շահագրգիռ կողմերը` ոլորտի վարչական աշխատողներ, ուսուցիչներ, տնօրեններ, ծնողներ, բաժանվեցին 2 բանակների` նորարարությանը կողմ և դեմ: Նրանք, ովքեր դեմ էին, որպես փաստարկ` բերում էին այն հանգամանքը, որ կբախվենք ուսուցչական գործազրկության նոր ալիքի, ընտանիքներում կծագեն կենցաղային անհարմարություններ, քանզի միևնույն ընտանիքի տարիքային տարբեր խմբերի պատկանող երեխաները պիտի սովորեին տարբեր դպրոցներում, իսկ դրանք, շատ դեպքերում, այնքան էլ մոտ չեն իրար, երեխաների մոտ կծագեն հոգեբանական խնդիրներ` կապված միջավայրի փոփոխության հետ, և այլն: Այս ցուցակը հնարավոր է շարունակել` որքան ասես: Սակայն նորարարության հեղինակ ոլորտի պատասխանատուները խոստացան ավագ դպրոցների կայացմամբ վերացնել կրկնուսույցի ինստիտուտը, և շատերը, թեև դժվարությամբ, բայց փորձեցին հավատալ սրան:
Ինչևէ, շատերին ծրագիրը ոգևորեց, և եղան դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, որոնք փորձեցին իրականացնել իրենց մտահղացումները, ամեն ինչ անել կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Բայց այլ բան է երազելը, բոլորովին այլ բան` այդ երազանքը կյանքի կոչելը, երբ դրա ճանապարհին կան անհաղթահարելի խոչընդոտներ: Իսկ որո՞նք են այդ խնդիրները. իրո՞ք դրանք` մեծ ցանկության դեպքում, լուծելի չեն, ովքե՞ր և ինչո՞ւ են խոչընդոտում հիրավի օրվա հրամայականը դարձած կրթության որակի բարձրացմանը միտված ծրագրերի պատշաճ իրականացմանը: Հարցերը շատ են, պատասխանները`քիչ: Փորձենք անդրադառնալ տեսանելի, գլոբալ խնդիրներին:
Նախ` մեծ խնդիր է ավագ դպրոցների շենքային պայմանների հարցը: Պատկերացրեք ծնողի, ով երեխայի հետ առաջին անգամ ոտք է դնում ավագ դպրոց` մտածելով, որ այստեղ իրեն կհրամցնեն առնվազն ամերիկյան high-school-ների մակարդակի պայմաններ` առարկայական լաբորատորիաներ և առարկայական կահավորված կաբինետներ, ընթերցասրահ, ֆիզկուլտուրայի դահլիճ, բարեկարգ ճաշարան, վերանորոգված ու համակարգիչներով հագեցած դասասենյակներ և այլն: Այսպիսի դպրոցը, եթե սովորելու բուռն ցանկություն չառաջացնի երեխայի մեջ, հաստատ չի էլ մարի դա: Էլ չենք խոսում այն մասին, որ, երբ անընդհատ շեշտվում է եվրոպական կրթական համակարգերին ինտեգրվելու, նոր արժեհամակարգերին դավանելու անհրաժեշտությունը, ապա պետք է հիշել, որ նույն այդ Եվրոպայում 15-18 տարեկան պատանիները խարխուլ և դեռ խորհրդային գաղափարախոսությունը կրող որմնաքանդակներով զարդարված դպրոցներում չեն սովորում:
Համամիտ եմ նաև այն կարծիքի հետ, որ սովորող երեխան ամեն տեղ էլ կսովորի, բայց ո՞վ ասաց, որ սովորող, խելացի երեխան արժանի չէ նորմալ պայմաններում սովորելու, իսկ նրան կրթող ուսուցիչը` այդպիսի պայմաններում աշխատելու: Թե՞ սա «արվեստագետը պիտի քաղցած լինի, որ գ» հայտնի թեզի տրամաբանական նախերգանքն է: Իսկ մենք ապրում ենք 21-րդ դարում: Ինչևէ, եթե նշածս պայմաններով ավագ դպրոցներ կան էլ, ապա դրանք, հավատացե՛ք, շատ քիչ են:
Հաջորդ խնդիրն ավագ դպրոցների ընդունելության հարցն է: Ենթադրվում էր, որ եթե ավագ դպրոցը պետք է լուծեր նախամասնագիտական կողմնորոշման խնդիր և աշակերտին պատրաստեր նաև ընդունելության քննությունների, ապա այստեղ պետք է բացառվեր վատ գնահատականներ ունեցող աշակերտների ներկայությունը: Իսկ շատ դեպքերում վատ գնահատականը և վատ վարքն ուղիղ համեմատական են իրար:
Հասկանալի է, որ 9-րդ դասարանն ավարտող ոչ բոլոր աշակերտների իրական գիտելիքներն են համապատասխանում ավարտական վկայականների մեջ եղած գնահատականներին, բայց եթե ընդունող հաստատությունն իրավունք ունենար անցկացնել ընդունելության գրավոր քննություններ, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ. ավագ դպրոցում չէին լինի և բոլորիս հայտնի տարատեսակ մեթոդներով գոյություն քարշ չէին տա աշակերտներ, ովքեր իրականում այստեղ զուտ ժամանցի հարց են լուծում: Իսկ եթե սրան գումարենք նաև տարիքային անհանդուրժողականությունից բխող տղայական անհամաձայնությունները կամ լավ սովորող հատկապես տղա երեխաների նկատմամբ տոտալ ծաղրը, ապա պատկերը կամբողջանա: Իսկ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող ուսուցիչը, որքան էլ ցանկանա, չի կարող լինել ամենուր ու կանխել հնարավոր բոլոր միջադեպերը: Այս դեպքում հիմնական ծանրության կրողը ու պատասխանատուն դպրոցի տնօրինությունն է:
Հասկանալի է, չէ՞, որ ուսումնական պրոցեսին ու ուսման որակին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, եթե չլինեն այս ոչ պարտադիր խնդիրները: Ի վերջո, ինչո՞ւ պիտի ավագ դպրոցում գործի պարտադիր ուսուցման ձևաչափը, ինչո՞ւ պետք է մի ամբողջ ուսուցչական կազմ պատանդ լինի մի խումբ որևէ լեզու ու մոտեցում չհասկացող աշակերտների ձեռքում, ինչո՞ւ պիտի մյուս աշակերտները տուժեն, ինչ է թե` ավագ դպրոցում պետք է սովորի յուրաքանչյուրը, ով ցանկանում է այստեղ տարիներ գլորել:
Կարծում եմ` դժվար լուծելի խնդիր չէ, հատկապես որ, վերաբացվել են արհեստագործական դպրոցները, և ավարտական վկայական ստանալու համար պարտադիր չէ ավարտել ավագ դպրոց: Գուցե ասածս կտրուկ է հնչում և կցավեցնի մեր հասարակության որոշակի շերտի, սակայն առանց վիրահատական միջոցառումների ծրագիրն իրագործելը դժվար է, եթե ոչ` անհնարին:
Մյուս խնդիրը դասարանների խտության հետ է կապված: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է որակյալ կրթություն ապահովել այն դասարաններում, որտեղ սովորում է 25-30 աշակերտ: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է: Որքան էլ ուսուցիչը բանիմաց լինի, որքան էլ փորձի ուսուցման նորագույն մեթոդներով հագեցնել դասապրոցեսը, հետաքրքիր ու հագեցած դարձնել դասաժամը, միևնույն է, նման խտության պայմաններում որևէ մեկն ի վիճակի չէ որակ ապահովել, եթե գործ չունի 25-30 արտասովոր ընդունակությունների տեր երեխաների հետ: Ոլորտից անտեղյակ ընթերցողի համար անհասկանալի կարող է լինել այն, թե ինչո՞ւ են այսքան աշակերտ ընդունում: Պատասխանը շատ պարզ է. դպրոցների ֆինանսավորումը կատարվում է աշակերտների թվին համապատասխան, այսինքն` որքան շատ աշակերտ` այնքան լուրջ ֆինանսական միջոցներ: Իսկ այսօրվա մրցակցային պայմաններում, եթե դպրոցն իր աշխատանքով վաստակել է աշակերտական հոսք ունենալու իրավունքն ու հնարավորությունը, որևէ մեկը բարոյական իրավունք չունի մեղադրել նրան իր այդ իրավունքից օգտվելու համար:
Այնինչ, քիչ թե շատ նորմալ կրթություն տալու համար դասարանների խտությունը չպետք է գերազանցի 15-ը: Իսկ այս դեպքում կտուժի կրթական հաստատության ֆինանսավորումը` իր հետ բերելով նորմալ կենսագործունեությանը խոչընդոտող բազում խնդիրներ: Ոլորտի պատասխանատուների իրավասության շրջանակներում է, գտնել այնպիսի ելքեր, որոնք կգոհացնեն շահագրգիռ բոլոր կողմերին:
(Շարունակելի)
«168 ԺԱՄ»