Հայրիկյանի մահափորձին հետևել ե՞ն պատկան մարմինները

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կայուն է, վիրահատությունը նորմալ է ընթացել: «Վիրահատությունը, որը կատարվեց Բելգիայում, տվեց իր արդյունքները, աջ ձեռքի մատները շարժվում են, թեթև բաներ կարող է բռնել, օրինակ` թուղթ: Այսօրվա վիճակով դեպի լավն է գնում»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի արտաքին կապերի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը:

Անդրադառնալով էպոսագետ Վարդան Սեդրակյանին մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրելու փաստին` Կարո Եղնուկյանը նկատեց, որ Վարդան Սեդրակյանը սույն գործի երկար շղթայի մի մասն է միայն: «Վ. Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է` հիմնվելով այն փաստերի վրա, որոնք նախաքննության ընթացքում արվել են: Այստեղ տարօրինակ էին ինձ թվում երեկվա Սեդրակյանի դատապաշտպանի հայտարարությունները, որոնք կոպիտ սխալ են, չգիտեմ` միտումնավոր էր, թե պատահական: Խոսքը Սիրունյանի այն մտքի մասին է, թե արդյոք Պարույր Հայրիկյանի վրա Խաչիկն է կրակել, այսինքն` ստացվում է` հարցականի տակ է դրվում, որ Հայրիկյանի վրա են կրակում»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Ըստ նրա` այս մահափորձը պլանավորված էր եւ ոչ թե պատահական կրակոցների հետևանք էր այն: «Ես ինքս, լինելով իրավաբան, կարող եմ ասել` դատախազությունը նման գործերին նայում է դրամի ճանապարհով, այսինքն` սպասում են, թե դրամը որտեղից է գալիս: Վարդան Սեդրակյանը վերջին 2, 3 տարում 3 միլիոն դոլար է խաղացել»,- հայտարարել է ԱԻՄ առաջնորդի ներկայացուցիչը:

Ըստ նրա` այդքան գումար նրան որտեղից, ո՞վ է նրան այդ փողը տալիս: «Կարող է պատահի, որ նա պարտքերի տակ է ընկել, եւ նրան «վերբովկա» են արել: Սա չընդունենք  որպես փաստ, այլ ընդամենը վարկած է»,- ասուլիսում նշեց Կարո Եղնուկյանը: Վերջինիս խոսքերով` չի բացառվում, որ դեպքի օրը պատկան մարմիններից ինչ-որ մեկը ներկա է եղել այդ ամենին:

Կարո Եղնուկյանը անբացատրելի է համարում, որ Վարդան Սեդրակյանը ցուցմունք չի տալիս, եւ որ պարզաբանում չի տալիս, թե ինչ է կատարվել:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե եթե, ըստ Ձեզ`Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է, այդ դեպքում, ովքե՞ր կարող էին լինել առաջին օղակում, Կարո Եղնուկյանը պատասխանեց.«Երբ  որ դուք մոտենում ենք, թե ով կարող էր կազմակերպել այս սպանությունը, այո՞, սա սպանություն էր, ոչ թե վախեցնելու փորձ: Սա սպանության փորձ էր, այսինքն` ընտրությունները պետք է հետաձգվեին, ով կարող էր շահել դրանից, ես չեմ վախենում ասել, որ թող իրենք մտածեն: Այո՞, հնարավոր է, որ այն ուժերը, ովքեր թեկնածու չեն առաջադրել նախագահական ընտրություններին եւ մտքափոխվել էին` այս կերպ էին ուզում հարցը լուծել»: Բացի այդ, ըստ Կարո Եղնուկյանի` արտաքին ուժերը եւս կարող էին պատվիրել մահափորձը, որ խառնաշփոթ ստեղծվի: Կարո Եղնուկյանի պնդմամբ` իշխանություններին այս մահափորձը ընդհանրապես ձեռնտու չէր:

Տեսանյութեր

Լրահոս