Այս պահին ավագանու մանդատից հրաժարվել են 135 թեկնածուներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 14-ին, ստացել է ինքնաբացարկի մասին մեկ դիմում. Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվել է «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Մեսրոպ Մովսեսյանը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մ.Մովսեսյանի փոխարեն ավագանու մանդատ կստանա ընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն նախօրեին ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների ընտրական ցուցակների Երևանի ավագանու համապատասխանաբար 113 և 21 թեկնածուներից:
Այսօր՝ ժամը 15-ին, գումարվելիք նիստում ԿԸՀ-ն ուժը կորցրած կճանաչի Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական երեք ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած ավագանու թեկնածուների գրանցումը: ԿԸՀ-ն այս որոշումն ընդունելուց հետո կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրություն: Երևանի ավագանիում ՀՀԿ-ն կունենա 42, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 17, «Բարև Երևան» դաշինքը՝ 6 անդամ: